Ապրիլի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմանում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 376 կմ հատվածում բախվել են PAZ մակնիշի մարդատար ավտոբուսն ու VAZ 2121 մակնիշի ավտոմեքենան, գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեղրու» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու ՆԳՆ Փրկարար Ծառայության Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։
Վիրավորներից 2-ին ավտոբուսի միջից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի հետևանքով 2 տրանսպորտային միջոց դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ըստ աղբյուրի՝ ավտոբուսը հաշվառված է Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի հաշվեկշռում։