Մենք պետք է հիշենք զոհերի մասին. իրավունք չունենք մոռանալու հայ ժողովրդի հետ կատարված դժբախտությունը: Պետք է շարունակենք ապացուցող աշխատանքներն ապագա սերունդների համար. այսպիսի գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի արտաքին հանձնաժողովի նախագահ Մարիան Քերին: Նրա գլխավորած պատվիրակությունն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ ապրիլի 4-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
ԱԺ-ից հայտնում են, որ պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Սլովակիայի խորհրդարանականներն այցելել են նաև Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները: