Երեւանում, այսօր՝ մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։20-ի սահմաններում Toyota Camry մակնիշի ավտոմեքենան Սասունցի Դավիթ - Մուրացան փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, բախվել գազատար խողովակի հենասյանը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվելով ծառին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Երևանի գնդի պարեկներն ու շտապօգնության բժիշկնեի հերթապահ խումբը, որոնք վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել Toyota-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Ford-ի վարորդը փախուստի չի դիմել, տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։
Պարեկային Ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ավտոմեքենաները, քննիչի հանձնարարականով՝ տեղափոխվել են ՊԾ Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։