ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ կարող է մեկ օրում վերջ տալ Ուկրաինայում ռազմական հակամարտությանը։ Նա պնդել է, որ կարող է բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։«Եթե այս հարցը չլուծվի մինչև հաջորդ ընտրությունները, ինչը հնարավոր է, և հնարավոր է նաև, որ մենք երրորդ համաշխարհային պատերազմի մեջ լինենք այս հիմարների հետ, որոնք անում են այս ամենը», - նշել է Թրամփը՝ նկատի ունենալով պատերազմն Ուկրաինայում։
«Մենք կարող եք հայտնվել միջուկային համաշխարհային պատերազմում, որի համեմատ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները նման կլինեն թխվածքաբլիթների: Սա անհավանական է, քանի որ մենք ունենք մարդիկ, որոնք չգիտեն, թե ինչ են անում: Բայց եթե հակամարտությունը չլուծվի, ես 24 ժամում այն կլուծեմ Զելենսկու և Պուտինի հետ», - շարունակել է Թրամփը:
ԱՄՆ նախկին նախագահն ասել է, որ ունի «մեկօրյա» լուծում, որն ինքը կառաջարկի ընտրվելու դեպքում, որը էլ կլուծի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը:
Միևնույն ժամանակ Թրամփն ասել է, որ ինքը չի կարող իր ծրագիրը բացահայտել այս պահին, քանի որ այն չի կարող օգտագործվել պատերազմող երկրների միջև պաշտոնական բանակցություններում։
Նա բազմիցս քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Ուկրաինայում իրավիճակի նկատմամբ նրա վերաբերմունքի համար։ Թրամփը որոշել է ուկրաինական հակամարտությունը դարձնել իր նախընտրական քարոզարշավի առանցքային թեմաներից մեկը։ Դեռ մարտին նա խոստացել էր դադարեցնել ռազմական գործողությունները 24 ժամում և տասը րոպեում համոզել եվրոպացի դաշնակիցներին ավելի շատ գումար ծախսել Ուկրաինայի վրա։