ԱՀ ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ մարտի 25-ին ժամը 04:30-ին, ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում և «Ստետանակերտի շտապ բժշկական օգնություն կայան» ՓԲԸ-ում հաղորդում է ստացվել, որ Խնածախ համայնքի վարչական տարածքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Նախնական տվյալներով` ավտոմեքենան ընկել է ձորը և անհրաժեշտ է օգնություն։
Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ծառայողները պարզել են, որ գիշերը` ժամը 03:20-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 35-ամյա բնակիչ Հ. Պ.-ն, իր վարած «Opel Vectra» ավտոմեքենայով Խնածախ-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և գլորվել ձորը։
ՃՏՊ-ի հետևանքով տուժած Հ.Պ.-ին փրկարարներն ու ոստիկանության ծառայողները հանել են մեքենայից, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն և շտապ օգնության մեքենայով տեղափոխել հանրապետական բժշկական կենտրոն։
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` տուժած քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը։