Երևանում իջևանցի 38-ամյա Նիվայի վարորդը, ով ներկայացել է «Խելացի դարբնոց» ՍՊԸ-ի տնօրեն, չի ենթարվկել պարեկների «կա՛նգ առ» պահանջին, դիմել է փախուստի ու հարվածել մեկ այլ պարեկի ավտոմեքենային. նա եղել է խմած. պարեկը տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ մարտի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 01:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է սխալ շարքերի վերադասավորում կատարելով: Պարեկներ Արամո Մարգարյանն ու Ավետիք Դալլաքյանը բարձրախոսով «կանգ առ» պահանջ են մի քանի անգամ ներկայացնում, նշելով նիվայի համարանիշները, սակայն վարորդը դիմում է փախուստի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկների մոտ գնալով ավելի են կասկածները շատանում ու սկսում են հետապնդել: Այդ ընթացքում դարձյալ մի քանի անգամ բարձրախոսով հրահանգելով, որպեսզի նա կանգնի:
Տեսնելով, որ Նիվայի վարորդը չի ենթարկվում, պարեկները իրենց գործընկերներին կապով տեղեկացնում են, թե որ ուղղությամբ է «սլանում նիվիստը»:
Արդեն Երևանի գնդի ՊԾ 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկ Արամ Խաչատրյանը իր գործընկերոջ հետ ավտոմեքենայով շարժվում է դեպի Լամբադա կամուրջ, որի հարևանությամբ էլ Նիվան հարվածում է պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված ծառայողական ավտոմեքենային: Բախման հետևանքով 26-ամյա պարեկ Նարեկ Մաթևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվում է «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ:
Պարեկները տեղում բռնում են Նիվայի վարորդին, ով գույքի դիտավորյալ վնասում և մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով տեղափոխվում է Ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժին:
Ավտոմեքենան էլ տեղափոխվում է նույն բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով պարզվել է, որ Նիվան վարել է Իջևան քաղաքի բնակիչ 39-ամյա Գրիգոր Այդինյանը, ով Ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է «Խելացի դարբնոց» ՍՊԸ տնօրեն: Վերջինս ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է ոչ սթափ, խմածության ամենաբարձր աստիճան: