Մարտի 18-ին, ժամը 11։12-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 19-րդ կմ-ին բախվել են «Peugeot» (վարորդ` Ռ․ Խ․, ծնված 2002 թ.) և «Lada Priora» (վարորդ` Կ․ Գ․, ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Կ․ Հ․-ն (ծնված 1969 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:
Փրկարարները «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել մյուս ուղևոր Լ․ Հ․-ին (ծնված 1994 թ.), մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Կ. Հ․-ն և Լ. Հ․-ն հոսպիտալացվել են, իսկ վարորդ Կ. Գ․-ն տեղի ուժերով տեղափոխվել է Իջևանի ԲԿ: