Այսօր՝ մարտի 9-ին, մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Տիգրան Մեծ պողոտայում՝ «Գաուդիս» շաուրմայանոցի դիմաց, վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև հարվածի հետևանքով հետիոտնը շպրտվել է ու կրկնակի վրաերթի է ենթարկվել Mercedes ML մակնիշի ավտոմեքենայի կողմից:
Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց:
Opel-ի և Mercedes-ի վարորդները փախուստի չեն դիմել:
Մինչ պարեկները դեպքի վայրում ծառայություն էին իրականացնում, շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ վրաերթի ենթարկվածը շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է:
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում պարեկները ու քննիչները հայտնաբերել են Mitsubishi մակնիշի ավտոմեքենա, որով վրաերթի ենթարկվածը եկել է նշված վայր, ավտոմեքենան կայանել, ապա իջել և ոտքով անցել է հետիոտնի համար չնախատեսված վայրով, գնումներ կատարել և հետ վերադառնալով՝ վրաերթի է ենթարկվել:
Պարեկները ճշտել են Mitsubishi-ի սեփականատիրոջ ինքնությունը, ում հետ զրուցել են և նա հայտնել է, որ ավտոմեքենան ինքը թողել է ավտովերանորոգող արհեստավորի մոտ և ոչնչից տեղյակ չէ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը: