«Դեպքին տեղյակ եմ և պետք է ասեմ, որ պարեկային ծառայությունն այս պահի դրությամբ ունի շուրջ երկու հազար ծառայող և 2 հազար ծառայողների մեջ կարող են լինել վատ, խնդրահարույց, հանցավոր պահվածք դրսևորող ծառայողներ։ Ընդ որում ես պետք է ասեմ, որ հանցագործություն գործող ծառայողներ կան ոստիկանության բոլոր մարմիններում»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը, ով ներգրաված է պարեկների ձևավորման գործում, անդրադառնալով Կարբի գյուղում տեղի ունեցած դեպքին։ Նշենք, որ հրապարակումների համաձայն երեկ գիշեր արեկային ծառայողներից մեկը փորձել է մի քանի բնակարան ներխուժել եւ գողություն կատարել, սակայն բնակիչները կարողացել են կանխել նրա ներխուժումը եւ այնպես են ծեծել պարեկին, որ նա հայտնվել է հիվանդանոցում։
«Մի քանի ամիս առաջ պարեկները Երևանի Էրեբունի վարչական շրջանում բռնել էին թմրանյութեր վաճառող մեկին, ով պարզվեց ոստիկանության Արաբկիրի բաժնի ավագ օպեր- լիազոր է։ Այսինքն ոստիկանության ծառայողների կողմից ցավոք սրտի տարբեր հանցագործությունների դեպքեր նկատվում են։ Շատ կարևոր է, որ ոստիկանությունում ներքին մեխանիզմները լինեն այնպիսին, որպեսզի նման ռիսկի հակված ծառայողները օր առաջ հեռացվեն համակարգից»,- ասաց Իոաննիսյանը։
Հարցին, թե իրենց ընդունելուց, խոսելուց հնարավոր չէ պարզել, թե ի վերջո ինչպիսի անձ է դիմում ներկայացնողը, ում ե՞ք համակարգ ընդունում որովհետև անգամ մեկ նմանատիպ դեպքը ստվերում է պարեկային ու ընդհանրապես ոստիկանության անունը, Դանիել Իոաննիսյանն ասաց․ «Իհարկե 100 պարեկ կարող են լավ գործ անել, մեկը կարող է հանցագործություն անել և նա կստվերի 100-ի լավ գործը։ Այո, սա է իրականությունը և նման դեպքերը շատ ցավալին է և կարևոր է նման դեպքերի դեմ էֆեկտիվ պայքարելը»։ Իոննիսյանը նշեց նաև, որ պետք է հասկանալ յուրաքանչյուր ծառայողի հնարավոր այս կամ այն հակվածությունը։ Սա ըստ Իոննիսյանի պետք է ոստիկանության ճիշտ կադրային քաղաքականության արդյունք լինի, մինչդեռ շատ հաճախ հակառակն է լինում։ «Ոստիկանությունը շատ հաճախ չի խրախուսում այն ոստիկաններին, ովքեր հանցավորության դեմ պայքարում են և հաճախ նույնիսկ պատժում են այդ ծառայողներին, ստորաբաժանումներին»,- նկատեց Իոաննիսյանը։
Նրան հիշեցրեցինք, որ Նիկոլ Փաշինյանն է պարբերաբար խոսում նոր որակի պարեկային ծառայողների մասին, հայտարարում, որ նրանք պետք է կոռուպցիոն ու հանցագործ ցանկացած երևույթից հեռու մնան։ Նման միտք արտահայտել էր նաև Տավուշի մարզում՝ հունվարին, երբ ներկայացրել էր պարեկային ծառայողներին։ Դանիել Իոաննիսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը տվել է հանձնարարական, որը բնականաբար ոչ բոլորն են կատարում։ «Էս դեպքը նորից եմ ասում, ես ավելի խնդրահարույց դեպք բերեմ ձեզ օրինակ։ Էդ օպեր- լիազորի դեպքը ես ասեցի, բայց դուք գիտեք, որ այդ դեպքից երկու ամիս անց Արաբկիրի բաժինը ճանաչվել է տարվա լավագույն բաժին։ Այստեղ հարցեր են առաջանում ոստիկանության ղեկավարության հասցեին։ Ոստիկանությունը տասը հազարից ավել ծառայող ունի։ Մի իրավիճակ է, որ մի, կամ մի քանի ոստիկաններ հանցագործություններ են կատարում այլ իրավիճակ է, բայց մի այլ իրավիճակ է, որ ոստիկանության հանակարգը խրախոսում է այդ հանցավոր պահվածքը»,- ասաց նա։
Հարցին, թե լավ ե՞րբ կբարեփոխվի «բարեփոխված» պարեկային ծառայությունը, Իոննիսյանն ասաց, որ պարեկային ծառայությունը բարեփոխված է, ոստիկանության մնացած համակարգը պետք է բարեփոխվի։ Դիտարկմանը, թե այս դեպքում գործ ունենք գողության մեջ մեղադրվող պարեկային ծառայողի հետ, Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգողը նշեց, թե աշխարհի ոչ բոլոր պարեկներն են լավ մարդիկ։ «Բայց որպես այպիսին պարեկային ծառայողների ներդոումից հետո արտաքին ծառայողների կողմից հանցավորության դեպքերի բացահայտումներն ավելացել են 14 անգամ։ Բայց բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն, բայց պարեկային ծառայությունը բարեփոխված է»,- եզրափակեց նա։
Irakanum.am