Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Կարբի համայնքում։ Երեկ գիշեր արեկային ծառայողներից մեկը փորձել է մի քանի բնակարան ներխուժել եւ գողություն կատարել, սակայն բնակիչները կարողացել են կանխել նրա ներխուժումը եւ այնպես են ծեծել պարեկին, որ նա հայտնվել է հիվանդանոցում։ Տեղեկությունների համաձայն նրանք 2-րդ հարկից ցած են նետել պարեկին։
Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ գողության փորձ կատարող պարեկը նույն Կարբի համայնքի բնակիչ է, նախկինում այլ աշխատանք չի ունեցել, երկու ամիս առաջ էր մտել համակարգ։ Համայնքի բնակիչներին զարմացրել ու զայրացրել է կատարվածը։
Կարբի բնակավայրում բնակարանային գողության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։
«Մեկ անձ բռնվել է դեպքի վայրում' գյուղի բնակչության օգնությամբ, նախնական տվյալներով վայր ընկնելու հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բուժկենտրոն։ Անձը ձերբակալվել է։ Նույն գյուղում և հարակից գյուղում նույն օրը նաև այլ տներ ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու մասին հաղորդումներ են ստացվել, որոնցով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բոլոր նշված դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում է նախաքննություն»,–ասել է քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Irakanum.am