Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կրկին հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գրիգորյանի գործով դատական նիստը։ Այս անգամ նիստը հետաձգվեց՝ պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ։
Պաշտպանները հայտնեցին, որ Ռ. Քոչարյանը չի ներկայացրել նիստին՝ առողջական խնդիրների պատճառով, պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթուղթ։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 21-ին, ժամը 13։00-ին։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 1998-2008թ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելու, նպաստելու, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման համար հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասերի ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008թ փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով 927 մլն ՀՀ դրամին համարժեք 3 մլն ԱՄՆ դոլարի չափով կաշառք։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006թ փետրվարից մինչև 2008թ ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ԱԽ քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար 2008թ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ ստացել է 309 մլն ՀՀ դրամին համարժեք 1 մլն ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև՝ խեղաթյուրելով և թաքցնելով նման գումարի իրական բնույթն ու ծագումը, օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։