00:00:00

Այսօր Տրնդեզ է կամ Տեառնընդառաջ

09:38, 13 փետրվար 2023 Հասարակություն

Փետրվարի 13-ին Տրնդեզ է կամ Տեառնընդառաջ. տոն, որը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է ս. պատարագ:

Տրնդեզը հեթանոս հայերը նշել են որպես երազների մեկնիչ, գիտության և դպրության աստված Տիրի, նաև արևի և ռազմի աստված Վահագնի տոն: Տրնդեզը բնության զարթոնքն էր խորհրդանշում: Կրակով մարդիկ պայքարում էին ցրտաշունչ ձմռան դեմ` «հիշեցնելով» ձմռանը, որ եկել է գարնանը զիջելու ժամանակը: Տոնի ամենատարածված բաղադրիչը խարույկն է: Մարդիկ խարույկի վրայով ցատկում են` հավատալով, որ դա նրանց հաջողություն կբերի:

Նախկինում խարույկի ծխի ուղղությամբ կատարել են գուշակություններ. հետեւելով ծխի ուղղությանը՝ որոշել են տարվա բերքառատությունը (եթե ծուխը թեքվել է հարավ կամ արեւելք՝ ակնկալել են առատ բերք, իսկ եթե թեքվել է հյուսիս կամ արեւմուտք, համարել են, որ երաշտ կլինի): Ծխի ուղղությամբ փորձել են իմանալ նաեւ, թե որ կողմից է գալու հարսնացուն կամ փեսացուն: Ընտանիքների ավագ կանայք, իրենց հարսների բարեհաջող ծննդաբերության համար Տրնդեզի կրակի մոխիրը լցրել են ջրի մեջ եւ խմեցրել հղի հարսին: Տրնդեզի մոխիրը խորհրդանշել է առատությունը, եւ այն հաճախ պահել են կճուճների մեջ, որ առատություն լինի: Այն շաղ են տվել հավաբներում՝ հավերի ձվատվությունն ավելացնելու համար, ինչպես նաև արտերում՝ ցանքսը մկներից պաշտպանելու համար:

Մինչ ազգագրագետներն ու հոգեւորականները ներկայացնում են, թե ինչ է խորհրդանշում տոնը, եւ ինչպես կարելի է նշել այն` մարդկանց սովորություններին տալով տարբեր անուններ, ժողովուրդը ադապտացնում է այն իր ցանկությամբ: Ժողովրդական ավանդության մեջ Տրնդեզն ընկալվել է որպես փեսայի՝ աներոջ տուն այցելելու տաբուն վերացնելու հիմնական առիթ: Նախկինում պարտադիր կարգի համաձայն՝ նշանված կամ նորապսակ երիտասարդներն իրավունք չունեին հարսի ծնողների եւ հատկապես աներոջ հետ հանդիպել: Եվ Տրնդեզի կրակի վրայով ցատկելը վերացրել է արգելքը, ինչից հետո երիտասարդներն իրավունք են ստացել այցելել ծնողների տուն: Բայց այդ այցելությունը խնջույքի չի վերածվել, ինչպես այսօր: Այն ժամանակներում միակ ատրիբուտը փեսայի ընտանիքի կողմից հարսի տուն տարվող քաղցրավենիքի փոքրիկ կապոցն է եղել: Ժողովրդական այս բաղադրիչի այսօրվա արտահայտությունը օժիտ տանելն է հատկապես Տրնդեզի տոնին: Հենց այս՝ նորապսակների հետ կապված ժողովրդական ավանդույթն է հաշվի առել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ Տյառնընդառաջի տոնը հռչակելով որպես նորապսակների օրհնության օր:

«Խըդր, խըդր խդըր ա, խըդրի օրը էսօր ա, ով տա, զորանա, ով չտա, քյոռանա...»

Եթե Երեւանում եւ մայրաքաղաքի շրջակա բնակավայրերում Տրնդեզն ավելի շատ ընկալվում է որպես նորապսակների տոն, ապա Երեւանից 217 կմ հարավ գտնվող Սիսիան քաղաքում այն ավելի սիրելի է երեխաների համար: Այստեղ Տրնդեզն ունի Խըդր անվանումը: Խըդրի օրը երեխաները՝ հիմնականում ցածր եւ միջին տարիքի դպրոցականներ, 5-ից մինչեւ 15 հոգիանոց խմբեր կազմելով, այցելում են համաքաղաքացիների բնակարաններ: Երբ բացվում է դուռը, բոլորն իրենց տոպրակները (որոնք 1,5-2 մետրանոց թելերով կապված է իրենց ձեռքերից) ներս են գցում, միաբերան արտասանում են տոնի հիմնական պահանջը. «Խըդր, խըդր խդըր ա, խըդրի օրը էսօր ա, ով տա՝ զորանա, ով չտա, քյոռանա»: Երեխաներին տրվող հիմնական բարիքներն են աղանձը, չրեղենը, խնձորը, քաղցրավենիքը: Չնայած տոնի խաղարկային այս մասն ընդունված է քաղաքի եւ շրջակա գյուղերի բնակչության շրջանում, սակայն որոշ մարդիկ, այնուամենայնիվ, հրաժարվում են բավարարել երեխաների պահանջները: Տոնին հիմնականում պատրաստվում են քաղաքի տարեց եւ ավանդույթներով ապրող ընտանիքները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր