Այսօր՝ փետրվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի Տեր-Գաբրիելյան 23 հասցե, որտեղ դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են տղարամդու դի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի, ավագ քննիչ Աբրահամ Արտուշյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են տղամարդու դի։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանության Վաղարշապատ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Միքայելյանն ու քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Ալբերտ Ավագյանը օպերատիվ տվայալններով պարզել են մահացածի ինքնությունը, ով Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Սամվել Ս․-ն է։
Դեպքի փաստով՝ սպանություն հատկանիշներով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։