Արսեն Թորոսյանի պաշտոնավարման տարիներին ՀՀ առողջապահության նախարարությունում հայտնաբերված մի շարք չարաշահումների դեպքերի վերաբերյալ քննություն է իրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեում, որով կարող են լուրջ խնդիրներ ունենալ Արսեն Թորոսյանն ու Անահիտ Ավանեսյանը։
Օրինակ՝ 2020թ. տարվա ընթացքում բյուջետային միջոցների հաշվին իրականացվել է նաև 890.0 հազ. դրամի դրամարկղային ծախս՝ ՀՀ-ում COVID 19-ի կանխարգելմանն ուղղված պատվաստանյութի ձեռքբերման նպատակով, որը սակայն հաշվետու ժամանակահատվածում որպես փաստացի ծախս չի հաշվեգրվել:
Ուսումնասիրությունների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում տևական ժամանակ է, ինչ քրեական վարույթներ են նախաձեռնվել, սակայն քննությանը նոր թափ հաղորդվել է բոլորովին վերջերս։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քրեական վարույթի շրջանակներում քննիչները սկսել են արդեն հետաքրքրվել նաև ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանով ու գործող նախարար Անահիտ Ավանեսյանով։
Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հաստատեցին կորոնավիրուսի դեպքերի վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների հիման վրա իրականացվող քրեական վարույթների առկայության փաստը։ ՀԿԿ-ի փոխանցմամբ՝ նախաձեռնվել է մի քանի վարույթ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով գումարներ վատնելու կամ յուրացնելու և փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանցագործությունների դեպքի առթիվ։ Քրեական վարույթի շրջանակներում որևէ անձի դեռևս մեղադրանք չի ներկայացվել։ Կառույցից զերծ մնացին հարցաքննվող անձանց վերաբերյալ մանրամասներ հայտնելուց։