ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք-գումարներ ստանալու բազմաթիվ դեպքեր:
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման ու քննչական դեպարտամենտների կողմից փոխգործակցության ձևաչափով իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք իրենց իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի նկատմամբ թողտվություն դրսևորելու և նրա օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, որոշ դեպքերում՝ անձամբ, որոշ դեպքերում՝ ՀՀ ՊԵԿ այլ պաշտոնատար անձանց հետ խմբի կազմում, որոշ դեպքերում՝ տարբեր անձանց օժանդակությամբ Հայաստանի Հանրապետություն տարատեսակ ապրանքներ ներկրող տնտեսվարողներից կամ նրանց անունից հանդես եկած՝ մաքսային միջնորդական կամ բեռների փոխադրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներից ներկրված տարատեսակ ապրանքների իրական ծավալները, քաշը, ծագման երկիրը ներկայացված հայտարարագրերում թաքցնելու և մաքսազերծման համար այլ անհրաժեշտ տվյալները խեղաթյուրելու պայմաններում հիշյալ խախտումները չարձանագրելու, համապատասխան միջոցներ չձեռնարկելու և մաքսային բեռների անխոչընդոտ բաց թողնելը կազմակերպելու համար 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ անձանցից պահանջել ու ՀՀ դրամով կամ արտարժույթով ստացել են տարբեր չափերով, այդ թվում՝ խոշոր չափերով կաշառք-գումարներ: