Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է ստանալ Կոնգրեսի հավանությունը՝ Թուրքիային 20 միլիարդ դոլար արժողությամբ F-16 կործանիչների վաճառքի, ինչպես նաեւ Հունաստանին հաջորդ սերնդի F-35 ինքնաթիռների վաճառքի հարցում, գրում է The Wall Street Journal-ը։
Կոնգրեսի հաստատումը կախված է Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության հայտերի վավերացումից, ասել են պաշտոնյաները:
WSJ-ի փոխանցմամբ՝ խոսքը Թուրքիային 40 նոր F-16 կործանիչների, ինչպես նաեւ երկրի ռազմաօդային ուժերի 80 կործանիչների արդիականացման համար նախատեսված պահեստամասերի մասին է։ ԱՄՆ-ը մտադիր է նաեւ Թուրքիային «օդ-օդ» դասի 900 հրթիռ եւ 800 ավիառումբ վաճառել։ Նշվում է, որ վաճառքի մասին որոշումը կարող է համընկնել հունվարի 17-18-ը ԱՄՆ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի այցի հետ։
Թերթը գրում է, որ թուրքական գործարքի հետ միաժամանակ Կոնգրեսը կարող է հավանություն տալ Հունաստանին առնվազն 30 հինգերորդ սերնդի F-35 կործանիչների վաճառքին՝ Աթենքի դժգոհությունը նվազեցնելու համար։