Գերմանիայի արտադրանքի ծավալը 2022 թվականի վերջին եռամսյակում եւ ամբողջ տարվա ընթացքում աճել 1,9%-ով, ինչը հուշում է, որ Եվրոպայի ամենամեծ տնտեսությունը կարող է գոնե ձմռանը խուսափել ռեցեսիայից, հայտնում է Reuters-ը։
Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) տարեկան աճը փոքր-ինչ գերազանցել է 1,8% միջին կանխատեսումը` ըստ Reuters-ի տնտեսագետների հարցման: 2022-ին ՀՆԱ-ն 0,7%-ով ավելի է եղել, քան 2019-ին՝ COVID-19-ի սկզբից մեկ տարի առաջ։
«Տնտեսական աճի տեմպերի դանդաղումը ձմեռային կիսամյակում, մեր ունեցած տվյալների համաձայն, կլինի ավելի մեղմ եւ ավելի կարճ, քան սպասվում էր», - ասել է էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։
VP Bank-ի գլխավոր տնտեսագետ Թոմաս Գիցելն ասել է, որ տնտեսությունը գերազանցել է ցածր սպասումները: «Հնարավոր է, որ ռեցեսիան հետաձգվի։ Մյուս կողմից, մենք կարծում ենք, որ դժվար թե երբեւէ հնարավոր լինի խուսափել ռեցեսիայից»։
Ռեցեսիան սովորաբար սահմանվում է որպես երկու հաջորդական եռամսյակ անկում: Սակայն ավելի շատ նշաններ կան, որ երրորդ եռամսյակում աճած տնտեսությունը կարող է կանխել Ռուսաստանից էներգակիրների մատակարարումների կրճատման հետեւանքով առաջացած անկումներից վատագույնը:
Չնայած գնաճային այս ֆոնին, գերմանական բիզնեսի բարոյահոգեբանական վիճակն աճել է ավելի, քան սպասվում էր դեկտեմբերին, ինչպես ցույց է տվել անցած ամիս անցկացված հարցումը:
Մեծ Բրիտանիայում, որտեղ 2023 թվականի ավելի լայն տնտեսական հեռանկարները մնում են մռայլ, նոյեմբերին համեստ աճի տվյալները ցույց են տալիս, որ ռեցեսիայից հաջողվել է խուսափել:
Գերմանիայի կառավարության տնտեսական հարցերով խորհրդական Մոնիկա Շնիցերն ասել է, որ ներքին գնաճը, ամենայն հավանականությամբ, հասել է գագաթնակետին, քանի որ էներգակիրների համաշխարհային գներն ընկել են՝ հավելելով, որ ինքն ակնկալում է, որ բնական գազի գները կշարունակեն նվազել այս տարի:
Գերմանիայի պետական դեֆիցիտը 2022 թվականին կազմել է ՀՆԱ-ի 2,6%-ը, հավելել է վիճակագրական ծառայությունը։