Irakanum.am-ը դեռ նախորդ տարվա հոկտեմբերին էր գրել, որ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ու Արթիկի «հեղափոխված» քաղաքապետ Անանիկ Ոսկանյանը արհեստականորեն խոչընդոտներ են ստեղծում Արթիկի թիվ 4 դպրոցի տնօրենի մրցույթի անցկացումը։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասել էր դպրոցի նախկին տնօրեն Նունե Գրիգորյանը, ով դպրոցի տնօրենի մրցույթի միակ թեկնածուն է եղել։
Ամիսներ անց էլ Նունե Գրիգորյանին չի հաջողվում ընտրվել դպրոցի տնօրեն։ Այսօր արդեն հինգերորդ անգամ է դպրոցի տնօրենի մրցույթ նշանակված եղել, սակայն դարձյալ Նազելի Բաղդասարյանի ցուցումով դպրոցի կառավարման խորհրդի անդամները չեն ներկայացել։
«Արդեն հինգերորդ անգամն է մրցույթը չի կայանում, բոլոր ժամանակներում միակ թեկնածուն ես եմ եղել։ Առաջին մրցույթը, որ չկայացավ ես ձեզ հետ արդեն խոսել էի և ձեր լրատվամիջոցը լուսաբանել էր, որ մարզպետի ու քաղաքապետի համաձայնեցվությամբ մարզպետարանի երեք ներկայացուցիչն ու համայնքի ղեկավարի կողմից առաջադրված մեկ թեկնածուն չեն ներկայանում, ով համարվում է կառավարման խորհրդի նախագահը»,- պատմեց Նունե Գրիգորյանը, հավելելով, որ դրանից հետո նորից է մրցույթ նշանակվում, բայց դարձյալ այդ անդամները չեն ներկայանում։ Ու այդպես ևս երեք անգամ։
Արդեն չորրորդ անգամ երբ նշանակվում է դպրոցի տնօրենի մրցույթ, այս անգամ կառավարման խորհրդի անդամները ներկայանում են, բայց դեմ են քվերակում միակ թեկնածուին, ասելով, թե չեն հավանել վերջինիս՝ դպրոցի զարգացման ծրագիրը։ «Զարգացման ծրագիրը փոխեցի հաշվի առնելով իրենց նկատառումները, չնայած, որ դա ընդամենը դեկորատիվ կողմն էր, ընդամենը պատճառ էին փնտրում»,- ասաց Գրիգորյանը։
Այսօր՝ հինգերորդ անգամ նշանակված մրցույթի օրն էր, սակյան դարձյալ կառավարման խորհրդի անդամները չեն ներկայացել։ «Այն ժամանակ մարզպետի օգնական Վանիկ Մարտիրոսյանը հոխորտած, որ մենք իրենց պատշաճ չենք ծանուցել, որ այսօրը մրցույթ է լինելու, դրա համար իրենք չեն եկել»,- ասաց նախկին տնօրենը, հավելելով, որ սակայն ինչպես այն ժամանակ այս անգամ էլ պատշաճ ծանցուցել են։ «Էլեկտրոնային հասցեներին իրենց ուղարկել ենք, մի հատ էլ զանգել ենք՝ հարցրել, թե ստացել եք նամակը, ասել են՝ հասել է։ Երեկ զանգել հիշացրել ենք, այսօր նաև 14:30 զանգել ենք, որ ասենք սել մենք հավաքվել ենք, դուք չեք եկել չեն պատասխանել։ Միայն խորհրդի նախագահն է ասել, որ իրենք չեն գալու»,- նշեց Նունե Գրիգորյանը։
Հարցին, թե՞ ոչ ներկայանում են, ոչ թեկնածու առաջադրում, ի՞նչ են ուզում, Գրիգորյանն ասաց, որ տեղյակ չէ։ «Վերջերս տնօրենների խորհրդի ժամանակ մարզպետը վստահաբար հայտարարեց, թե պատվերով հոդվածներ են գրում, թե մարզպետը խոչընդոտում է տնօրենների մրցույթները, բայց ասեմ ձեզ, որ չի հաջողվի վախեցնել։ Ասեմ, որ ամենևին մտադրություն չունեմ մարզպետին, կամ համայնքի ղեկավարին վախեցնել, այլ լրատվամիջոցներով բարձրացնում եմ խնդիրը։ Ինչու՞ չեք ընտրում, ընտրեք, եթե ես չաշխատեմ, խորհուրդը կարող է անվստահություն հայտնել, ինչո՞ւմ է կայանում այս ամենի ձախողումը»,- ասաց Նունե Գրիգորյանը, հավելելով, որ որեւէ խնդիր չունի կառավարության հետ և կարծում է, որ պատասխանատուները տեղեկացված չեն այս ամենից և հրավիրում է վերջիններիս ուշադրությունը։
Հ․Գ․ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նունե Գրիգորյանի խնդիրը առաջինը մեր լրատվամիջոցն է հրապարակել, Նազելի Բաղդասարյանին հորդորում ենք անպատասխանատու հայտարարություններ չանել և որպես նախկին լրագրող յուրաքանչյուր հրապարակման ներքո պատվեր չտեսնել։ Հակառակ դեպքում բոլոր նման հայտարարությունները կստանան իրավական ընթացք։
Irakanum.am