Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ու Արթիկի քաղաքապետ Անանիկ Ոսկանյանն, արհեստականորեն խոչընդոտներ են ստեղծում Արթիկի թիվ 4 դպրոցի տնօրենի մրցույթի անցկացումը։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի նախկին տնօրեն Նունե Գրիգորյանը, ով դպրոցի տնօրենի մրցույթի միակ թեկնածուն է եղել։
Բայս տեղի ունեցող զարգացումներն ունեն նախապատմություն։ Նունե Գրիգորյանը դպրոցի տնօրեն է ընտրվել 5 տարի առաջ՝ նախորդ իշխանության օրոք ու «թավշյա հեղափոխակնները» իրենց գործունեությանը բնորոշ, ովքեր իրենց օրոք պաշտոնի չեն անցել, դիտարկել են որպես «նախկիններ»։ Այդ շարքին է դասվել նաև Նունե Գրիգորյանը։ «Հինգ տարի հազիվ ինձ հանդուրժեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որովհետեւ իշխանափոխությունից հետո շատ ակտիվ սկսեցին իմ հանդեպ հետապնդումները»,- ասաց Գրիգորյանը, հայտնելով, որ անկուսակցական է եղել։ Սկզբում իր նկատմամբ արշավը սկսել է ՔՊ-ական նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, (ով 2020-ի պատերացմից հետո դադարեցրել է կապը իշխանության հետ): «Նա ասել էր, թե ես Հանրապետական լինելով մեկ ժամ անգամ իրավունք չունեմ աշխատելու, բայց ես կուսակցական չեմ եղել։ Այդպես սկսվեց արշավը, հետապնդումներ, ստուգումներ, իրար հաջորդող նկատողություններ, բայց հաջողություն չունեցան»,- ասաց Գրիգորյանը։
Նախկին տնօրենը պատնեց, որ թիվ 4 դպրոցը գտնվել է խայտառակ վատ պայմաններում, ունեցել է պարտքեր, որոնք ինքը անցնող տարիների ընթացքում կարողացել է վճարել, բացի այդ գտել է հովանավորներ, որոնց միջոցներով էլ կարողացել է վերանորոգել դպրոցը։ «Ուզում էին անգամ դպրոցը ֆաբրիկա դարձնել, պայքարեցինք։ Դպրոցը ընդունել եմ մեծ պարտքերով, ունեցել է մոտ 110 աշակերտ։ Գտա բարեգործներ՝ Հայ կրթական հիմնարկության շնորհիվ ամբողջ դպրոցը վերանորոգվեց»,- մեզ հետ զրույցում ասաց նախկին տնօրենը, հավելելով, թե ըստ էության գործող իշխանությունները, ի դեմս մարզպետ Բաղդասարյանի ու Արթիկի քաղաքապետ Անանիկ Ոսկանյանի իրեն պատժում են դպրոցը վերանորոգելու համար։
«Էդ ժամանակ էլ սկսեցին ասել, թե դու Դաշնակացական ես, ինչու են իրանք վերանորոգել, ինչի՞ վատ բան են արել»,- ասաց նա։
Դպրոցը երկու տարի շարունակ կառավարման խորհուրդ չի ունեցել։ Շիրակի փոփոխվող մարզպետներին այս հարցը չի հետաքրքրել, հետո արդեն մարզպետ Նազելի Բաղդասարյանի նշանակումից հետո ձևավորվում է խորհուրդ, որի անդամների մեծ մասը նշանակվում են մարզպետարանի կողմից ու բնականաբար մարդիկ, ովքեր կատարելու են բացառապես այն, ինչ կհրահանգի Բաղդասարյանը։ Մասնավորապես կառավարման խորհրդի կազմում ընդգրկվում են Նազելի Բաղդասարյանի օգնականը, խորհրդարականը, փոխմարզպետի օգնականը, երրորդն էլ քաղաքապետարանի ներկայացուցիչը։
Ավելի ուշ դպրոցի տնօրենի մրցույթ է հայտարարվում, միակ թեկնածուն Նունե Գրիգորյանն է լինում, սակայն երկու անգամ խորհրդի անդամները չեն ներկայանում և մրցույթը չի կայանում։ «Ինձ նախապես, մեկ օր առաջ կանչեց համայնքի ղեկավարը (նկատի ունի Անանիկ Ոսկանյանին), ասեց մրցույթդ չի կայանալու, ասեցի ինչու՞, ասեց էդ ձև է ուզում մարզպետը։ Ասեցի ոչինչ օրենքի ուժով հինգ օրվա ընթացքում կկայանա, բայց հինգ օր հետո նորից մրցույթը չկայացավ»,- նշեց Նունե Գրիգորյանը։
Ի դեպ ըստ Գրիգորյանի՝ կառավարման խորհրդի անդամները ևս իրենց լիազորությունները չեն կատարում։ Անգամ ինքն է զանգահարել, տեղյակ պահելով, որ մրցույթ կա, բայց ստացել է պատասխան՝ չեն գալու, որովհետև մարզպետն է այդպես որոշել։
Նունե Գրիգորյանը չի բացառում, որ կամ Բաղդասարյանը, կամ Ոսկանյանը ունեն դպրոցի տնօրենի իրենց ցանկալի թեկնածուն, և արհեստականորեն մրցույթը չեն թողում իրականացվի, որ հետո սահուն կերպով իրենց թեկնածուին բերեն։
Նոր մրցույթ հայտարարված չէ, Նունե Գրիգորյանը միաժամանակ նաև դպրոցում քիմիա է դասավանդում, ընդամենը վեց ժամ են հատկացրել, բայց այս պահին իր հաշվին արձակուրդ է ձևակերպել։ Նախկին տնօրենը ստացել է տեղեկություններ, որ մարզային իշխանություննները որոշել են դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, ով էլ հետագայում կմասնակցի մրցույթին։
Արթիկի թիվ 4 դպրոցի նախկին տնօրենի հայտարարությունների վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Նազելի Բաղդասարյանից։ Վերջինիս խոսքը փոխանցեց մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արաքս Կիրակոսյանը, ասելով, թե մարզպետը որեւէ միջամտություն չունի, կառավարման խորհուրդ կա՝ խոսի։
Irakanum.am