Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում 3 քաղաքացու՝ մոր և երկու երեխաների սպանության դեպքով նոր կասկածյալ չկա։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Ավելի վաղ հայտել էինք, որ նշանակված են համալիր փորձաքննություններ, նաև դատահոգեբուժական, որոնց վերաբերյալ եզրակացությունները աստիճանաբար ստացվում են, սակայն քննչական կոմիտեն դեռ չի շտապում հանրայնացնել։
Irakanum.am-ը զրուցեց նաև ընտանիքի հայր Սևակ Մելիքսեթյանի հետ։ Նա ասաց, որ քննչական խմբի հետ ամենօրյա գործընթացի մեջ է։ «Ամեն օր էլ գործողություններ են լինում, գործը դեռ լրիվ բացահայտված չէ, ընթացքի մեջ է, դատ չի եղել»,- ասաց Մելիքսեթյանը, հավելելով, որ կնոջ և երկու անչափահաս երեխաների դաժան սպանությունների մեջ մեղադրվող ազգականներ Արկադի և Վրույր Բարսեղյանների հետ առերեսում չի եղել։
Սևակ Մելիքսեթյանը շարունակում է ապրել Պեմզաշեն համայնքում, ասաց, որ ոստիկանները շարունակում են հսկել իրեն, նաև այն տունը, որտեղ ինքն է ապրում, բացի այդ հսկողություն սահմանված է մեղադրվողների տան դիմաց։ Թե որտեղ են Արկադի և Վրույր Բարսեղյանների հարազատները ինքը տեղյակ չէ։ «Որ գիտենամ էլ ինչ, իրանց հարազատների հետ հարց չկա լուծելու, ինչ ասեմ ես իրա հարազատներին»,- ասաց Մելիքսեթյանը։ «Գողություն, ուրիշ ոչինչ չի կարող լինել»,-նշեց Սևակ Մելիքսեթյանը, ի պատասխան այն հարցի, թե այլ դրդապատճառներ կան, որոնք կարող էին դաժան սպանության պատճառ դառնալ։
Այլ կասկածյալ ըստ Սևակ Մելիքսեթյանի չկա, լինելու դեպքում իրավապահները կհայտնեն, ինքը գոհ է ոստիկանների աշխատանքից։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում նոյեմբերի 9-ին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու անչափահաս երեխաների դաժան սպանությունների մեջ մեղադրվող ազգականներ Արկադի և Վրույր Բարսեղյանները կալանավորված են։
32-ամյա չ Վրույր Բարսեղյանը ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք էր տվել՝ նշելով, որ սպանության օրն իր հետ է եղել նաև իր ազգական 36-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վերջինս իր մեղավորությունը չի ընդունում։
Սպանությունների գործը դեռ նախաքննության փուլում է։
Irakanum.am