00:00:00

ՄԻՊ-ը՝ ընտանեկան բռնության մասին

19:22, 03 դեկտեմբեր 2022 Իրավական

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» ամենամյա միջազգային քարոզարշավի շրջանակներում՝ պատրաստել է գրառումների շարք, որոնք հատուկ մշակված նկարների միջոցով պատմում են ընտանիքում բռնության և դրա դեմ պայքարում Մարդու իրավունքների պաշտպանի դերն արտացոլող և մի քանի մասերից բաղկացած միասնական մեկ պատմություն: 
 
ՄԱՍ 4.
Ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը կախված է յուրաքանչյուրիս գործողություններից։ Ընտանիքում բռնությանն ականատես լինելիս մի՛ լռեք և արձագանքե՛ք։
 
Ընտանիքում բռնության կանխարգելումը և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանություն իրականացնող իրավասու պետական մարմինների շարքում է նաև ՀՀ ոստիկանությունը։ Ոստիկանությունը, ի թիվս այլնի`
 
պարզաբանում է ընտանիքում բռնության ենթարկված լինելու մասին հաղորդմամբ դիմած անձանց իրենց իրավունքների ու հասանելի ծառայություններից օգտվելու հնարավորությունների մասին,
 
կիրառում է օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության միջոցներ,
անհրաժեշտության դեպքում տուժողներին ուղղորդում է աջակցության կենտրոններ,
օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով որոշում է կայացնում ընտանիքում բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի տակ եղող անձանց ապաստարանում տեղավորելու մասին։
 
Ընտանիքում բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության նպատակով խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում`
օրենքով նախատեսված դեպքերում դիմում են դատարան` պաշտպանական որոշման համար,
հաղորդում են ներկայացնում իրավապահ մարմիններ` անչափահաս կամ դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց նկատմամբ գործադրվող՝ ընտանիքում բռնության կամ դրա իրական սպառնալիքի մասին,
օրենքով և իրենց կանոնադրությամբ սահմանված կարգով կազմակերպում են ընտանիքում բռնության պատճառով առանց խնամքի մնացած երեխաների և անգործունակ անձանց խնամքը:
 
Ընտանիքում բռնության կանխարգելումը և բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն իրենց գործառույթների շրջանակներում իրականացնում են նաև ընտանիքում բռնության ենթարկվածներին աջակցություն ցույց տվող հատուկ կառույցները, որոնք են՝ աջակցության կենտրոնները և ապաստարանները:
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պարտականությունն է հանրության համար հասանելի կերպով պարբերաբար հրապարակել կապի այն միջոցների ցանկը, ներառյալ՝ ընտանիքում բռնության ենթարկվածների համար նախատեսված անվճար «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարները, որոնք աջակցության կենտրոնները պարտավոր են ունենալ։
 
Ընտանիքում բռնության ենթարկվածները, նրանց ընտանիքի անդամները և այլ անձինք կարող են անհապաղ կապվել աջակցության կենտրոնների աշխատողի կամ ներգրավված համապատասխան մասնագետի հետ և ստանալ անհրաժեշտ անհատույց, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում նաև նրանց համար մատչելի օգնություն:
 
Նախարարության կողմից հրապարակված՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց ծառայություններ մատուցող կազմակերպությունների՝ աջակցության կենտրոնների և ապաստարանների ցանկը հասանելի է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կայքում:
 
Պաշտպանության միջոցների կիրառումը չի խոչընդոտում օրենքով սահմանված կարգով քրեական գործ հարուցելուն և քրեական հետապնդում իրականացնելուն․ անձի պաշտպանությունը քրեական հետապնդում իրականացնելու հետ կապված չէ, քանի որ բռնության ենթարկված անձի պաշտպանությունն առաջնային է:
Շարունակելի…
 
Հ.Գ. Ընտանիքում բռնության դեպքում Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու համար զանգահարե՛ք Պաշտպանի թեժ գիծ՝ 116 անվճար հեռախոսահամարով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր