Ֆրանսիան դադարեցնում է իր ռազմական առաքելությունը Աֆրիկայում ավելի քան մեկ տասնամյակ անց: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նշելով, որ նոր ռազմավարությունը կմշակվի աֆրիկացի գործընկերների հետ, հայտնում է AFP-ն։
«Ես որոշել եմ, համաձայնեցնելով մեր գործընկերների հետ, այսօր պաշտոնապես հայտարարել «Բարխան» գործողության (Մալիում) ավարտի մասին»,- ասել է Մակրոնը։ Այս քայլը «հետեւանքն է այն ամենի, ինչի միջով մենք անցել ենք» վերջին ամիսներին, եւ նոր ռազմավարությունը կմշակվի հաջորդ կես տարվա ընթացքում, հավելել է նա:
«Աֆրիկյան երկրներին մեր ռազմական աջակցությունը կշարունակվի, բայց նոր սկզբունքների համաձայն, որոնք մենք նրանց հետ որոշել ենք»,- ասել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ ապագա ռազմավարությունը հիմնված կլինի աֆրիկյան բանակների հետ ավելի սերտ համագործակցության վրա՝ Ֆրանսիայի սեփական տեղակայումն ավելի դյուրին եւ դինամիկ դարձնելու համար: «Մեր փոխգործակցությունը Աֆրիկայում մեր գործընկերների հետ հիմնված կլինի համագործակցության տրամաբանության եւ նրանց զենքին ապավինելու վրա»,- ֆրանսիական ուղղաթիռակրում զինվորականներին ու դիվանագետներին ասել է Մակրոնը:
Ֆրանսիական ուժերը բախվել են աճող թշնամանքի նրանց կողմից, ովքեր նրանց համարում են նախկին գաղութային տերության օկուպացիոն ուժ, եւ Մակրոնը զորքերը դուրս է բերել Մալիից այս տարի, քանի որ երկրի կառավարիչների հետ հարաբերությունները վատացել են:
Մոտ 3000 ֆրանսիացի զինվորներ մնում են Բուրկինա Ֆասոյում, Չադում եւ Նիգերում։ Այս թիվը կրճատելու մոտակա պլաններ չկան։