00:00:00

Ամերիկան հոգնել է Ուկրաինայի պատերազմից․ 19fortyfive

19:31, 08 նոյեմբեր 2022 Աշխարհ

ԱՄՆ կառավարությունը պատրաստվում է այն ժամանակին, երբ ամերիկացիները կցանկանան, որ Ուկրաինայի ֆինանսավորումը կրճատվի, իսկ Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախագահները նստեն բանակցությունների սեղանի շուրջ, գրում է 19fortyfive պորտալը։

«Սպիտակ տունն ուզում է, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ բանակցությունների պատրաստակամություն հայտնի։ CNN-ը հաղորդել է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները շաբաթներ շարունակ Կիեւին կոչ են արել Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու պատրաստակամություն հայտնել: Վկայակոչելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին՝ հեռուստաալիքը նշում է, թե Սպիտակ տունը մտահոգված է, որ Ուկրաինային տրամադրվող հանրային աջակցությունը կարող է թուլանալ, եթե նշաններ չհայտնվեն, որ հակամարտությունը կարող է ավարտվել խաղաղ բանակցություններով: Ըստ անանուն աղբյուրների՝ Սպիտակ տունը չի փորձում Կիեւին ստիպել բանակցություններ վարել հենց հիմա, այլ ասում է, որ նախընտրելի է հակամարտության դիվանագիտական լուծումը։

Ուկրաինայի կառավարությանը բանակցելու պատրաստակամության մասին ազդարարելուն դրդողների թվում է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, որն, ինչպես հաղորդվում է, իր վրա է վերցրել առաջատար դերը այդ ջանքերում այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է Ռուսաստանի հետ հետագա բանակցություններն արգելող հրամանագիր ստորագրել։ Զելենսկու հրամանագրի համաձայն՝ Կիեւը հրաժարվում է Ռուսաստանի հետ բանակցել այնքան ժամանակ, քանի դեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի հեռացվել իշխանությունից։

Հարցումները բազմիցս ցույց են տվել, որ մինչեւ 2022 թվականը ամերիկացիները հիմնականում կողմ են եղել, որ Միացյալ Նահանգների դաշնային կառավարությունն աջակցի Ուկրաինային: Հարցումները նաեւ հետեւողականորեն ցույց են տալիս, որ ամերիկացիները համակրում են Ուկրաինային։ Վերջերս YouGov-ի հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 81 տոկոսը Ռուսաստանին համարում է «թշնամի», իսկ 76 տոկոսը բացասական կարծիք է հայտնում Ռուսաստանի նախագահի մասին:

Այդ աջակցությունը, սակայն, պարտադիր չէ, որ մշտական լինի եւ չի նշանակում անվերջ ֆինանսական ու ռազմական աջակցություն Ուկրաինային։ Ինչպես The Hill-ում նշում է Քիթ Նոթոնը, ամերիկացիները հիմնականում արտաքին հարցերը չեն համարում օրվա ամենակարեւոր քաղաքական խնդիրները, եւ միայն 6 տոկոսն է YouGov-ին ասել, որ «ազգային անվտանգությունն» իրենց ամենակարեւոր խնդիրն է:

Երկրի վատթարացող տնտեսական իրավիճակի պայմաններում Ուկրաինա միլիարդավոր դոլարների օգնության նոր փաթեթներ ուղարկելու գաղափարը կարող է բարդ խնդիր լինել Սպիտակ տան դեմոկրատների համար: Հանրապետականները նույնպես կարող են լինել այդ օգնությունը սահմանափակելու եզրին, քանի որ հարցումները ցույց են տալիս, որ Հանրապետական կուսակցությունը ինչպես Ներկայացուցիչների պալատի, այնպես էլ Սենատի վերահսկողությունը վերցնելու ուղու վրա է:

Սպիտակ տան խնդիրն այն է, որ Ուկրաինային օգնությունը հնարավոր է այնքան ժամանակ, քանի դեռ ամերիկացիներն աջակցում են դրան, եւ հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու այս նոր փորձերը կարող են լինել ավելի շուտ, քան ի սկզբանե նախատեսված էր, հավանաբար հանրապետականները կհաղթեն միջանկյալ ընտրություններում։

Ինչ էլ որ լինի միջանկյալ ընտրություններում, թվում է, թե ԱՄՆ կառավարությունը պատրաստվում է մի ժամանակաշրջանի, երբ ամերիկացիները ցանկանում են, որ Ուկրաինայի համար ԱՄՆ ֆինանսավորումը կրճատվի, եւ Ուկրաինայի ու Ռուսաստանի նախագահները նստեն բանակցությունների սեղանի շուրջ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր