00:00:00

Մասկը գնել է Twitter-ը. ամերիկացի դեմոկրատները խուճապի մեջ են

15:19, 29 հոկտեմբեր 2022 Աշխարհ

Ուրբաթ օրը ամերիկյան քաղաքական դաշտի եւ մեդիա խաղացողներն արթնացան նոր իրականության մեջ։ Երկրի ամենաանկեղծ եւ հաճախ պառակտող գործարարներից մեկն այժմ  քաղաքական քննարկումների մոդերատորն է, գրում է Politico-ն:

Իլոն Մասկը՝ պաշտոնապես ստանձնելով Twitter-ի վերահսկողությունը եւ աշխատանքից հեռացնելով չորս հիմնական ղեկավարների, Twitter-ում գրառում է կատարել՝ «Թռչունն ազատ է»։ Թվիթը մտահոգություն է առաջացրել։

Պահպանողականները Մասկին համարում են «փրկիչ»։

Լիբերալներն անհանգստացած են այն առնչությամբ, թե ինչ կլինի տեղեկատվական հարթակի հետ միջանկյալ ընտրություններից երկու շաբաթ առաջ, հատկապես եթե Մասկը Թրամփին թույլ տա վերադառնալ հարթակ։

 «Կարծում եմ, որ դա երկրաշարժ է»,-ասել է ռազմավար-դեմոկրատ Աբհի Ռահմանը։

Ուրբաթ կեսօրին Մասկը թվիթերում գրել է, որ կձեւավորի «բովանդակության մոդերատորական խորհուրդ»։ Նա նշել է, որ «մինչ այդ որեւէ կարեւոր որոշում չի կայացվի բովանդակության կամ օգտահաշիվների վերականգնման հարցով»։

Այս պահին Թրամփը չի վերադարձել հարթակ։ Twitter-ը չի  պատասխանել հարցին, թե արդյոք Թրամփը կրկին հրավիրվել է իր օգտահաշիվ՝ @realDonaldTrump։

Ավելի վաղ Թրամփը Truth Social հարթակում գրել է․ «Ես մնում եմ Truth-ում։ Ինձ սա ավելի շատ է աշխատում։ Ինձ դուր է գալիս Իլոնը, բայց ես մնում եմ Truth-ում»։

Անցած գիշեր Մասկն աշխատանքից ազատել է Twitter-ի գլխավոր իրավաբան եւ սոցցանցի քաղաքականության գծով ղեկավար Վիջայա Գադեին։ Վերջին մի քանի տարում Գադեն դարձել է հարթակի՝ խոսքի ազատության եւ բովանդակության մոդերացման հարցով քաղաքականության դեմքը։

Գադեի հեռացումը «երկարաժամկետ աղետ» է, ասել է  Accountable Tech կազմակերպության համահիմնադիր Ջեսի Լերիխը։

«Նա թիմի բարոյական կողմնացույցն էր, որը որոշումներ էր կայացնում բոլոր հարցերով՝ մարդու իրավունքները խախտող օրենքների դեմ պայքարից մինչեւ ԱՄՆ-ում ընտրությունների կեղծման եւ ատելության հրահրման դեմ պայքար»,-ասել է Լերիխը։

Քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող խմբերը բարձրացրել են նրա հեռացման հարցը միջանկյալ ընտրություններից 11 օր առաջ։ Մասկի վստահեցմամբ կայքը «դժոխք չի դառնա բոլորի համար»։

Այնուամենայնիվ, նա նշել է, որ ցանկանում է քիչ կանոններ այն առնչությամբ, թե մարդիկ ինչ կարող են խոսել եւ անել հարթակում։ Տեխնիկական գծով փորձագետներն ասում են, որ քիչ հավանական է, որ Twitter-ի բովանդակության մոդերացման համակարգերն արագ կփոխվեն։ 

Facebook-ի հանրային քաղաքականության գծով նախկին տնօրեն Քեթի Հարբաթը, որը վերահսկում էր ընտրությունների հարցով աշխատանքները, ասել է, որ այդքան հեշտ չէ անջատել որոշ ալգոռիթմներ, որոնք ստեղծվել են՝ հեռացնելու ապատեղեկատվությունն ու ատելության խոսքը։ Այնուհանդերձ, կան նշաններ, որ Մասկի յուրացումը կվերացնի ավելի մութ ազդակներ ամերիկյան դիսկուրսում։

Network Contagion Research Institute հետազոտական ինստիտուտը, որը հետեւում է առցանց միտումներին, ասում է, որ ռասայական վիրավորանքի աճ է նկատել Մասկի գնումից 12 ժամվա ընթացքում։

Սոցցանցի նոր սեփականատերն ուշադրություն է հրավիրել Կապտոլիումի վրա։ «Քանի որ պարոն Մասկը ղեկն իր ձեռքն է վերցրել, ես կհետեւեմ՝ արդյոք ընկերությունը պահպանում է իր հանձնառությունը, այն է՝ զերծ մնալ ապատեղեկատվությունից եւ ոտնձգությունից»,-ասում է Ներկայացուցիչների պալատի անդամ Յան Շակովսկին։

«Պարոն Մասկը պետք է շատ բան ապացուցի, քանի որ այս շաբաթ մենք տեսանք, թե ինչպես արդարադատության նախարարությունը հետաքննություն սկսեց նրա ձեռնարկություններից մեկի՝ Tesla-ի նկատմամբ»,-հավելել է նա։

Իհարկե, խաղի կանոնների ամենամեծ պոտենցիալ փոփոխությունը կլինի հենց Թրամփի վերադարձը, որը նախկինում ուներ ավելի քան 88 միլիոն հետեւորդ:

Նախկին նախագահի համար սա այժմ ավելի բարդ հարց է, քանի որ նա առանցքային դեմք է Truth Social-ում, որը գործարկվել է Twitter-ի իր հաշիվը կասեցնելուց մեկ տարի անց: Այս հարթակը ավելի բարեհամբույր է նրա գաղափարների եւ կողմնակիցների հանդեպ, բայց այստեղ նա ունի շատ ավելի քիչ հետեւորդներ եւ ավելի քիչ հասանելիություն:      

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր