00:00:00

Ուկրաինայի հակամարտությունն արդեն մինի Երրորդ համաշխարհային պատերազմի է վերածվել. Shri Lanka Guardian

15:33, 28 հոկտեմբեր 2022 Աշխարհ

Ուկրաինայի հակամարտությունն արդեն վերածվել է երրորդ համաշխարհային պատերազմի, քանի որ Միացյալ Նահանգներն ու իր հիմնական դաշնակիցները պայքարում են Ռուսաստանի Դաշնությանը մահացու հարված հասցնելու համար, գրում է The Guardian-ի Շրի Լանկայի թղթակից Էրիկ Մարգուլիսն իր հոդվածում, որը որոշակի կրճատումներով ներկայացնում ենք ստորեւ:

«Այս պատերազմը Ուկրաինայի ազատության համար չէ, ինչպես մեզ անընդհատ ասում է արեւմտյան հզոր քարոզչությունը։ Խոսքը նախկին խորհրդային իշխանության վերջին մնացորդները ջախջախելու եւ բեկորները Վաշինգտոնի եւ Լոնդոնի գերիշխանությամբ, հնազանդ մինի-պետությունների վերածելու մասին է:

Այն բանից հետո, երբ 2014 թվականին ԿՀՎ-ն Ուկրաինայում տապալեց ռուսամետ ռեժիմը, ինչի արժեքը կազմում էր մոտ 50 միլիարդ դոլար, Մոսկվան եւ Կիեւը իրար դեմ դուրս եկան: Պուտինյան Ռուսաստանը հրաժարվում է ճանաչել Ուկրաինան որպես անկախ պետություն: Կիեւը, իր հերթին, տասնյակ միլիարդավոր դոլարների եւ Արեւմուտքի զենքի հսկայական զինանոցի աջակցությամբ մերժում է ռուսական հեգեմոնիան:

ԱՄՆ-ը ցանկանում է տեսնել Մայր Ռուսաստանի բալկանացումը. հաջորդ թիրախները կարող են լինել ռուսական Հեռավոր Արեւելքը կամ ռուսական Ուրալը։ Վաշինգտոնի պատերազմի կուսակցությունը, հանրապետականները եւ դեմոկրատները, կարծես թե վճռական են տրամադրված՝ ոչնչացնելու այն, ինչ մնացել է Ռուսաստանից եւ հասնելու ռազմավարական նպատակին` ոչնչացնել ԱՄՆ բացարձակ համաշխարհային ուժի համար ցանկացած պոտենցիալ ռազմական հակառակորդի: Երբ Ռուսաստանը պարտություն կրի, ամենայն հավանականությամբ հաջորդ թիրախը կլինի Չինաստանը:

Բայդենի վարչակազմն արդեն մոտ 100 միլիարդ դոլարի օգնություն եւ հսկայական քանակությամբ զենք է ուղարկել Ուկրաինային, ինչը ապշեցուցիչ եւ ռիսկային է 31 տրիլիոն դոլարի դեֆիցիտ ունեցող երկրի համար:

Բարձր գնաճի ներկայիս ալիքը հիմնականում պայմանավորված է Ուկրաինայում Վաշինգտոնի անխոհեմ ծախսերով: Սա փող է, որը ԱՄՆ գանձապետարանը չունի եւ պետք է պարտքով վերցնի, ինչը խթանում է մոլեգնող գնաճը:

Մեկ տասնամյակ առաջ նախագահ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կկրճատի սովորական ուժերի ծախսերը եւ ավելի ու ավելի կկենտրոնանա միջուկային զենք ստեղծելու վրա:

Չպետք է մոռանալ, որ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից առաջ Ուկրաինան ուներ եւ արտադրում էր զգալի քանակությամբ միջուկային զենք եւ միջոցներ: Դրանք բոլորը ենթադրաբար նետվել են աղբանոցը, սակայն Ուկրաինան, հավանաբար, մի քանի միջուկային զենքեր գաղտնի է պահում:

Մինչդեռ արեւմտյան ուժերը Ուկրաինայում բացահայտորեն գործում են ռուսական ուժերի դեմ։ Այնտեղ կարող եք տեսնել Միացյալ Նահանգների ողջ հզորությունը. տիեզերական եւ ավիացիոն հետախուզություն, ռազմածովային գործողություններ Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի արգելափակման համար, հսկայական քանակությամբ հրետանային, էլեկտրոնային, սովորական ցամաքային մարտական ​​գործողություններ, որոնք իրականացվել են Լեհաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի հատուկ ստորաբաժանումների կողմից։

Համաշխարհային առաջատար տերության՝ Միացյալ Նահանգների գլխավոր պատասխանատվությունը Արեւելյան Եվրոպայում միջուկային ցանկացած հնարավոր առճակատման կանխումն է:

Պատասխանը պարզ է՝ դադարեցնել Ուկրաինային ՆԱՏՕ-ի մեջ ներքաշելու փորձերը, դադարեցնել Ռուսաստանը պառակտելու փորձերը: Ուկրաինայի ռուսալեզու շրջանները միացնել Ռուսաստանին, եթե այնտեղ այդպես են ցանկանում։ Հեռացնել արեւմտյան ուժերին տարածաշրջանից եւ վերսկսել հանգիստ դիվանագիտությունը: Թող Ֆրանսիան առաջնորդի այս ողջամիտ ջանքերը»,- գրել է հեղինակը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր