Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոր մտահոգություն է հայտնել աշխարհում միջուկային զենքի կիրառման վտանգի կապակցությամբ։
«Այսօր, փաստորեն, իրականանում է այն, ինչից մենք վախենում էինք, և ինչի մասին երբեք չէինք ցանկանա լսել: Միջուկային զենքի օգտագործումը, որը Հիրոսիմայից և Նագասակիից հետո շարունակվել է չարամտորեն արտադրվել և փորձարկվել, այժմ բացահայտ սպառնալիք է»,- ասել է պոնտիֆիկոսը՝ երեքշաբթի օրը Հռոմում ելույթ ունենալով Կոլիզեումի մոտ՝ «Խաղաղության կոչ. կրոնների և մշակույթների երկխոսություն» միջազգային ֆորումի եզրափակիչ միջոցառման ժամանակ։
Ֆրանցիսկոս պապն այս զարգացումն անվանել է «մռայլ սցենար, երբ այս աշխարհի հզորների ծրագրերը չեն համապատասխանում ժողովուրդների արդար ձգտումներին»։ Այդ կապակցությամբ նա հիշեցրել է 60 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները՝ կապված Կարիբյան ճգնաժամի հետ, և ինչպես Հռոմի Հովհաննես 23-րդ պապը 1962 թվականի հոկտեմբերի 25-ին ռադիոյով դիմեց միջազգային հանրությանը միջուկային հակամարտության վտանգը կանխելու կոչով:
«1962 թվականի հոկտեմբերի միջազգային սուր ճգնաժամի ժամանակ, երբ ռազմական բախումն ու միջուկային պայթյունը մոտ էին թվում, Սուրբ Հովհաննես 23-րդն այս կոչն արեց. Թող նրանք ամեն ինչ անեն աշխարհը փրկելու համար: Այդպիսով նրանք կկանխեն պատերազմի սարսափները, որոնց դաժան հետևանքները հնարավոր չէ կանխատեսել։ Վաթսուն տարի անց այս խոսքերը հնչում են տպավորիչ արդիականությամբ, ես դրանք դարձնում եմ իմը»,- շեշտել է Սրբազան Քահանայապետը։