Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելով` հերթական անգամ արձանագրվում է, որ կալանավորումը պատժիչ գործիք է, այլ ոչ թե խափանման միջոց, իսկ այլ խափանման միջոցները անտեսվում են համակարգված մոտեցմամբ, հայտարարել է իրավաբան, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Ակնհայտ է, որ կալանավորման անհրաժեշտ հիմքերն առկա չէին տվյալ դեպքում: Ակնհայտ է, որ իրավապահ մարմինները կարող էին քննություն անել առանց այս ռեպրեսիվ ու անընդունելի վարքագծի:
Իրավունքի և օրենքի տրամաբանությունն ու սկզբունքն այն է, որ կալանավորումը բացառիկ, իրապես հազվադեպ դեպքերում պետք է կիրառվի, բայց Հայաստանում իրավապահ համակարգը գիտակցված, մեղմ ասած, շեղվել է այդ սկզբունքից` նույնիսկ արժեզրկելով այն: Սա նորություն չէ:
Ցավալիորեն այս սկզբունքը արժեզրկելու մեջ հստակ դերակատարում ունեցել է նաև նույն գործով կալանավորված այլ անձ՝ ապահովելով խայտառակ ապօրինի կալանավորման որոշումներ, բայց հստակ է նաև, որ անկախ անձերից, անկախ վերաբերմունքից կալանավորումը չպետք է այսպես կիրառվի:
Վստահ եղեք, կալանքի ֆետիշին վերջ տրվելու է..․»,- սոցցանցի իր էջում գրել է Արամ Վարդևանյանը։