00:00:00

Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ գործը կքննվի Հակակոռուպցիոն դատարանում

20:04, 19 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

ԲԴԽ նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործն այսուհետ կքննվի Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, որոշում է կայացրել գործն, ըստ ընդդատության, ուղարկել Հակակոռուպցիոն դատարան։

Նշենք, որ քրեական գործը դատարան է ուղարկվել շուրջ մեկ տարի առաջ՝ 2021թ սեպտեմբեր ամսին, սակայն առ այս պահը գտնվել է դատաքննության նախապատրաստման փուլում։ Ավելին՝ դատավոր Մանվել Շահվերդյանը դատական նիստ վերջին անգամ նշանակել էր մայիսի 25-ին, որը չի կայացել և ամիսներ անց դատարանը որոշել է գործն ուղարկել նոր ձևավորված Հակակոռուպցիոն դատարան։

«Սույն քրեական գործով Ռ.Վարդազարյանին մեղսագրվում է մինչև 01.07.2022թ. գործող ՀՀ քրեական օրենսգրքի թիվ 6 հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործության ենթադրյալ կատարման փաստ, իսկ հակակոռուպցիոն դատարանի գործելու պահից կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը քննվում են բացառապես հակակոռուպցիոն դատարանի կողմից, եթե տվյալ գործով անցում չի կատարվել դատաքննության փուլ:

Վերոգրյալի հաշվառմամբ նկատի ունենալով, որ քրեական գործով անցում չի կատարվել դատաքննության փուլ, դատարանը գտնում է, որ սույն քրեական գործն ընդդատյա է բացառապես հակակոռուպցիոն դատարանին»,- նշված է դատարանի որոշման մեջ։

Հիշեցնենք, որ ՀՀ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

Նրա դեմ հետապնդումներն սկսվել են 2020 թվականի նոյեմբերի 15-ի հայտարարությունից հետո, երբ դատավորներին կոչ արեց հավատարիմ մնալ ժողովրդի առջև տված երդմանը և զերծ մնալ բոլոր տեսակի քաղաքական ճնշումներից և ազդեցություններից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր