Կերչի նեղուցով անցնող երկաթուղային կամրջի վրա հրդեհվել է բեռնատար գնացքը, փլուզվել է ճանապարհային կամրջի մի մասը։ Երթևեկությունը դադարեցված է։ Միջադեպի պատճառները պարզ չեն`հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կամուրջի վրա հրդեհի մասին առաջին հաղորդագրությունները հայտնվեցին Մոսկվայի ժամանակով առավոտյան մոտավորապես ժամը վեցին:
Տեղի իշխանությունների տվյալներով՝ կամրջի վրայով ընթացող բեռնատար գնացքում վառելիքի բաք է բռնկվել։ Այս մասին հայտարարել է միացված Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը, իսկ ավելի ուշ հաստատել է Ղրիմի երկաթուղու մամուլի ծառայությունը։
Նախնական տվյալներով՝ հրդեհի և կամրջի մի մասի փլուզման հետևանքով տուժածներ չկան։
Ղրիմի կամուրջը, որը նախագահ Վլադիմիր Պուտինը պատվիրել էր կառուցել թերակղզու անեքսիայից հետո, բացվել է 2018 թվականի մայիսին։ Ռուսաստանի նախագահն անձամբ է եկել բացման արարողությանը, որը հեռարձակել են պետական հեռուստաալիքները։
Ինչպես 2017 թվականի փետրվարին հաշվարկել է «Վեդոմոստի» թերթը, նախագծի ընդհանուր արժեքը պետք է գերազանցեր 300 միլիարդ ռուբլին։
Այժմ Ղրիմի կամուրջը, ի թիվս այլ բաների, օգտագործվում է Ուկրաինայի հարավում ռուսական բանակին մատակարարելու համար։