00:00:00

«Թալինը՝ ոսկոր իշխանության կոկորդում»․ ինչպես են գնահատում թեկնածուներն իրենց շանսերը

22:49, 23 սեպտեմբեր 2022 Տեսանյութեր

Սեպտեմբերի 25-ին Հանրապետության 18 համայնքում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն նաև Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքում։ 31 գյուղական բնակավայրն ու Թալին քաղաքը համայնաքապետ այդպես էլ չունեցավ նախորդ տարեվերջին կայացած ընտրությունների ժամանակ։ Ընտրությունների արդյունքում ոչ մի քաղաքական ուժ այդպես էլ մեծամասնություն չէր դարձել, ինչի հետևանքով էլ նման իրավիճակ էր ստեղծվել: Այդ ժամանակ ավագանու 21 մանդատից 10-ը բաժին էր հասել ՔՊ-ին, բայց քանի որ չուներ մեծամասնություն այդպես էլ չկարողացավ համաձայնության գալ մյուս քաղաքական ուժերի հետ, և ավագանու նիստերը տապալվեցին: Հետևաբար կառավարության որոշմամբ այս համայնքում ևս ընտրություններ նշանակվեցին։ Ընտրական գործընթացին մասնակցում է հինգ քաղաքական ուժ։ Չորսը հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից։ «Արդար Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է Արմեն Գրիգորյանը։ Քաղաքի ու համայնքների խնդիրներին նախկին աշխատանքի բերումով քաջ ծանոթ է, ունի դրանց լուծման հստակ մեխանզիմներն ու ճանապարհները։ Հիմա ակնկալում է, որ կստանա հանրության վստահության քվեն, որպեսզի ապրեն արդար Հայաստանում։ Նախընտրական քարոզարշավ իրականացրել է, բայց սեպետմբերի 13-ից դադարեցրել են, Ադրբեջանի սանձազերծած պատերազմում մարզից զոհեր ունեն, որոշում են կայացրել քարոզարշավ չիրականացնել, փորձել են ասելիքը տեղ հասցնել սոցցանցերի ու նախընտրական բուկլետների միջոցով։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Թալինում, ինչպես նախորդ դեպքում, այս անգամ էլ առաջադրել է Տավրոս Սափեյանի թեկնածությունը։ Մարզպետն էլ է ՔՊ-ական, չունի Գրիգորյանը մտավախություն, որ իշխանությունը վարչական ռեսուրսների չարաշահմամբ կփորձի վերջապես հասնել հաջողության այստեղ։ Նման տեղեկություններ ինքն էլ է լսել, բայց խոսակցական մակարդակի է, վստահ է հանրությունը ճիշտ որոշում կկայացնի, ինքն իր շանսերը բարձր է գնահատում։ 

«Ապրելու երկիր» կուսկացությունն էլ իր թեկնածուն ունի։ Դավիթ Մանուկյանն է ղեկավարում ցուցակը։ Սեպտեմբերի 13-ից սկսած ինքն էլ քարոզարշավ չի իրականացրել, բայց մինչ այդ հասցրել է շատ համայնքներում լինել։ Իշխանության հետ համագործակցությունը բացառում է, նախորդ անգամ դրսևորել են սկզբունքայնություն, կրկնելու են միշտ։ Մանուկյանը քաղաքացիների հետ հանդիպումներում արձանագրել է, սխալ ընտրություն չեն անի, համոզված է թալինցիները հստակ գիտեն երկրում ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն էլ մեղավորն էլ օրվա իշխանությունն է։ 

Երրորդ քաղաքական ուժը ՀՅԴ-ն է, առաջադրել է Սարգիս Մուրադյանի թեկնածությունը։ Պարոն Մուրադյանը ևս բացառում է համագործակցությունը ՔՊ-ի հետ, իշխանության հետ ինքն իր հաշիվներն ունի։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պիտի օր առաջ հեռանա, դրա հիմքն էլ փորձում են դնել Թալինից։ Հարազատ համայնքի բնակիչներին լավ է ճանաչում, չոր կող են ասում է Սարգիս Մուրադյանը, ինչպես դեկտեմեբրին են մերժել ՔՊ-ին իր թեկնածույով հանդերձ, նույնն էլ խոստանում են այս անգամ։ 

26.600 ընտրող ունի խոշորացված համայնքը։ Թեկնածուները ընտրողներին կոչ են անում ակտիվ մանսկացել ընտրություններին, տեր կանգնել սեփական ձայնին, որպեսզի միասին կարողանան լուծել առկա խնդիրները, իսկ դրանք քաղաքային ու գյուղական բնակավայրերում շատ են։ 

Թալինի ՏԻՄ ընտրություններին մասնակցող մյուս երկու քաղաքական ուժերի հետ հանդիպել մեզ չհաջողվեց, բայց իշխանությունը Տավրոս Սափեյանի մեծադիր լուսանկարները գրեթե ամբողջ Թալինով է փակցրել։ Թալինում ապագա կա,գրված է Սափեյանի լուսանկարին կից, ընդդիմադիր ուժերը վստահ են, ապագա կա, բայց առանց այս իշխանության։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր