Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրագործված լայնածավալ ագրեսիայի մանրամասները` խստորեն դատապարտելով ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը, միջազգային հումանիտար իրավունքի խախտումները:
Արարատ Միրզոյանն առանձնահատուկ ընդգծել է միջազգային գործընկերների կողմից Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարությունների կարևորությունը և նոր ագրեսիաները կանխելու նպատակով գործուն քայլերի իրականացումը։