Irakanum.am-ն իր նախորդ հրապարակումներից մեկում գրել էր, որ Շիրակի մարզային դատախազ Գուրգեն Գրիգորյանը «գործարք» է առաջարկել գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին, վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործերը «ջրելու» դիմաց։ Մենք գրել էինք, որ իրավապաշտպանի նկատմամբ հարուցված ապօրինի քրեական գործերը փակելու համար Գրիգորյանն առաջարկել է Պողոսյանին հրապարակային ներողություն խնդրել երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկից։ Կարապետ Պողոսյանը հրաժարվել է իրականացնել դատախազի առաջարկը, որից հետո Գուրգեն Գրիգորյանը մեր տեղեկություններով փորձել է թաղային հեղինակությունների օգնությանը դիմել, որպեսզի վերջիններս բարեխոսեն և թեման փակվի։
Ի դեպ, ինչպես փոխանցում են մեր աղբյուրները Շիրակի մարզային դատախազը նախ դիմել է «քրեական հեղինակություններից» մեկին, ով սակայն հրաժարվել է օգնել իրեն, ասելով, թե թեմայի մեջ չկա, որից հետո արդեն Գուրգեն Գրիգորյանը դիմում է մեկ այլ թաղայն հեղինակության, ովն Մարտինի։ Վերջինս մեր ունեցած հավաստի տեղեկություններով գյումրեցի նախկին պատգամավորներից մեկի քրոջ որդին է։ Մարտինը զանգահարել է Կարապետ Պողոսյանին, ասելով, թե հիմա քաղաքում ինքն է հարցեր լուծում և առաջարկել է «բարիշել» Գուրգեն Գրիգորյանի հետ, որպեսզի թեման փակվի։
Նշենք, որ իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Շիրակի մարզային դատախազ Գուրգեն Գրիգորյանի ապօրինությունների մասին խոսել էր օրեր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով, որից հետո հայտարարել էր, թե պահանջում է Գրիգորյանի հրաժարականը։
Կարապետ Պողոսյանը մեզ հետ զրույցում անդարադառնալով այս տեղեկություններին, ասաց, թե ոչ հերքում, ոչ էլ հաստատում է, ավելացնելով, որ առաջիկայում շատ ավելի հետաքրքիր զարգացումներ են սպասվում։
Irakanum.am-ը գրավոր հարցում է ուղարկել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, հետաքրքրվելով, թե արդյո՞ք քրեական վարույթ նախաձեռնո՞ւմ են Շիրակի դատախազի նկատմամբ, որը, ըստ իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի մամուլով հնչեցրած հայտարարության, համագործակցելով քրեական ենթամշակույթ ունեցող անձանց հետ, գործարք է առաջարկել իրեն։ Պատասխանը ստանալուն պես կներկայացնենք լրացուցիչ։
Նշենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է սեպտեմբերի 15-ին և մեր տեղեկություններով Շիրակի մարզի դատախազն արդեն իսկ տարբեր «կանալներով» փորձում է Աննա Վարդապետյանի հետ խոսել, որպեսզի շարունակի պաշտոնավարումը։
Irakanum.am