ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, սեպտեմբերի 6-ին, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ, այցելել է Կանզաս նահանգում գործող Սալինայի ուսումնական կենտրոն:
Ինչպես տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը, կենտրոնում Սուրեն Պապիկյանը հանդիպել է Կանզասի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարի հետ։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում Հայաստանի եւ Կանզասի միջեւ փոխգործակցության հետ կապված մի շարք հարցեր։
Պաշտպանության նախարարը բարձր է գնահատել համագործակցության ներկա մակարդակը՝ ընդգծելով խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության ու վարժանքների, ինչպես նաեւ ռազմաբժշկության ոլորտներում առկա մեծ ներուժը։ Գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարն իր հերթին նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն արդեն տասնամյակներ շարունակ հանդիսանում է Կանզասի ավանդական գործընկերը եւ պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանք գործադրել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել Սալինայի ուսումնական կենտրոնում, ծանոթացել ուսումնական գործընթացի, վարժանքների եւ զորավարժությունների կազմակերպման աշխատանքներին»,– ասվում է հաղորդագրության մեջ։