00:00:00

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման հիմնական գործոնը. ՌԴ ԱԳՆ

12:43, 29 օգոստոս 2022 Արտաքին քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ երկուշաբթի հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ։

«Այսօր լրանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակը. պայմանագիր, որը մեծապես որոշել է մեր միջպետական հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները։

Փաստաթուղթը կարևոր հանգրվան է դարձել երկկողմ գործընկերությունը իսկական դաշինքի մակարդակի հասցնելու ճանապարհին։

Երկկողմ ներուժի ձևավորման համար վճռորոշ նշանակություն ունեն Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարությունների միջև վստահության վրա հիմնված կանոնավոր շփումները, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն լուծել հրատապ խնդիրները, այլև համակարգել դիրքորոշումները տարածաշրջանային և միջազգային հիմնական խնդիրների վերաբերյալ:

2022 թվականի ապրիլի 19-20-ը ՀՀ կառավարության ղեկավարի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանի համատեղ հայտարարությունը հաստատում է  1997 թվականի պայմանագրով ամրագրված սկզբունքներով միջպետական հարաբերությունները համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու մտադրությունը։

Մենք վճռական ենք շարունակելու առանցքային դաշնակցի դիրքերից օգնել Երևանին իր պաշտպանունակության և սահմանային անվտանգության ամրապնդման և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործում։ Մենք համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության ուղին անցնում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի  եռակողմ համաձայնագրերի խստիվ պահպանմամբ: Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման հիմնական գործոնը:

Մենք անկեղծորեն գնահատում ենք մեր բարեկամությունը եղբայրական Հայաստանի հետ և վճռական ենք ավելի ամրապնդելու ռուս-հայկական դաշինքը՝ հանուն մեր երկրների ու ժողովուրդների բարգավաճման։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր