00:00:00

Անհրաժեշտ է կենտրոնանալ` փորձելով պահպանել ԵԱՏՄ երկրների միջեւ առկա առեւտրաշրջանառության տեմպը. Նիկոլ Փաշինյան

18:11, 25 օգոստոս 2022 Արտաքին քաղաքականություն

Աշխատանքային այցով Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում գտնվող Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին մասնակցող կառավարությունների ղեկավարները հանդիպել են Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ: 

Պատվիրակությյունների ղեկավարներին դիմավորել է Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը եւ նրանց ուղեկցել հանդիպման սրահ:

Ղրղզստանի նախագահը ողջունել է կառավարությունների ղեկավարներին եւ հույս հայտնել, որ Չոլպոն-Ատայում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կանցնի արդյունավետ` ի նպաստ հետագա համագործակցության զարգացման:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ղրղզստանի նախագահին ջերմ ընդունելության համար եւ նշել. «Սպասվում է կարեւոր նիստ, ունենք մեծ եւ հագեցած օրակարգ` կարեւոր հարցերի շուրջ: Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հանգել կոնկրետ որոշումների եւ հնարավորինս քիչ աշխատանք թողնել Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստին:

Կարող եմ նշել, որ Եվրասիական տնտեսական տարածքում բացասական կանխատեսումներն իրականություն չդարձան, հակառակը` հաստատվեց իրավիճակի մեր ընկալումը, քանի որ մենք հստակ ֆիքսել էինք, որ պանդեմիայից հետո ստեղծված իրավիճակը, իհարկե, իր հետ բերում է նոր մարտահրավերներ, սակայն նաեւ ստեղծում է նոր հնարավորություններ:

Ուրախ եմ, որ մենք կենտրոնացել ենք այդ օրակարգի վրա, որի նպատակն է` կառավարել մարտահրավերները եւ օգտագործել այն հնարավորությունները, որոնք ստեղծվում են: Երբ նայում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակում առեւտրաշրջանառության թվերին` տեսնում ենք, որ կան աճի մեծ ցուցանիշներ` համեմատ 2021 թվականի հետ: Իհարկե, սա պետք է արձանագրել, բայց չպետք է հանգստանալ, քանի որ դժվար ժամանակները, ցավոք, չեն ավարտվել: Անհրաժեշտ է կենտրոնանալ` փորձելով պահպանել ԵԱՏՄ երկրների միջեւ առկա առեւտրաշրջանառության տեմպը: Վստահ եմ, որ արդյունավետ կաշխատենք եւ ընդունվելիք որոշումներն օգտակար կլինեն մեր քաղաքացիներին, երկրներին եւ Միությանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր