Արգելքներ կիրառելով Սփյուռքի մեր գործիչների նկատմամբ՝ իշխանությունները փորձում են սեպ խրել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մեջ: Այս մասին ԱԳՆ-ի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: «Ասում են՝ վրեժխնդրությամբ երկիր չես կառուցի, բայց տեսնում ենք, որ այս իշխանություններն այդ վրեժխնդրության ճանապարհն են բռնել ու ամեն ինչ անում են, որպեսզի արգելված լինի իշխանություններ դեմ բողոքելը: Իրենց կարճ խելքով փորձում են մարդկանց, որոնց համար առաջնային է հայրենիքը, որոնք կամավոր մեկնել են հայրենիքը պաշտպանելու, վախեցնել ինչ-որ արգելքներով: Այդ արգելքը նրանք կիրառում են և Հայաստանի ներսում, և Սփյուռքի մեր գործիչների դեմ՝ այդպիսով սեպ խրելով Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մեջ»,- ասաց նա: Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ իշխանություններ Փաշինյանին նույնականացնում են սրբության հետ, որի դեմ բողոքելը անթույլատրելի է, այդ պատճառով էլ մի քանի շաբաթ առաջ արգելել էին նաեւ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։ «Որևէ հոդաբաշխ բացատրություն չեղավ: Փաստորեն նրանք Փաշինյանին նույնականացրել են պետության հետ և սրբություն դարձրել: Հիմա Նիկոլ Փաշինյանը հայ ազգի սուրբ կովն է ու իր դեմ բողոքել չի կարելի: Այն բացատրությունը, որն իրենք տվել են, փաստում է, որ մենք գործ ունենք տարրական քինախնդրության հետ»,-ընդգծեց Քրիստինե Վարդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։