00:00:00

Ռուսաստանը վերսկսել է գազի մատակարարումը Եվրոպա, սակայն դա բավարար չէ. Reuters

17:27, 21 հուլիս 2022 Աշխարհ

Ռուսաստանը հինգշաբթի վերսկսել է գազի մատակարարումն իր ամենամեծ բնական գազատարով դեպի Եվրոպա 10-օրյա դադարից հետո, ինչը փարատել է Եվրոպայի որոշ մտավախությունները, սակայն դա բավարար չէ՝ նորմավորման սպառնալիքին վերջ դնելու եւ ձմռանը գազի հնարավոր պակասը հաղթահարելու համար, գրում է Reuters-ը։

«Հյուսիսային հոսք 1»-ը, որն անցնում է Բալթիկ ծովի տակով դեպի Գերմանիա, դադարեցվել էր հուլիսի 11-ին՝ տեխնիկական սպասարկման նպատակով, սակայն նույնիսկ մինչ դադարեցումը հոսքերը կրճատվել էին մինչեւ գազատարի հզորության 40 տոկոս:

Ինչպես ցույց են տվել Nord Stream-ի տվյալները, հուլիսի 21-ին հոսքերը վերադարձել են 40 տոկոս թողունակության մակարդակին:

Nord Stream-ի մատակարարումների վերսկսումը գազատարի հզորությունից շատ ցածր մակարդակով նշանակում է, որ Գերմանիան, որը հատկապես կախված է ռուսական վառելիքից, եւ եվրոպական այլ տնտեսություններ դեռեւս կանգնած են ձմռան համար բավարար գազ պահեստավորելու մարտահրավերի առջեւ:

«Հաշվի առնելով չբավականացնող 60 տոկոսը եւ քաղաքական անկայունությունը՝ հիմքեր չկան ենթադրելու, որ հորիզոնում ամեն ինչ մաքուր է»,- Twitter-ում գրել է գերմանական ցանցային կարգավորող մարմնի նախագահ Կլաուս Մյուլերը:

Գերմանիան եւ մի քանի այլ պետություն արդեն սկսել են արտակարգ իրավիճակների պլանների առաջին փուլերը, որոնք որոշ դեպքերում կարող են նորմավորման հանգեցնել: Հինգշաբթի Հունաստանը հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում պարբերական անջատումներ կսկսի՝ որպես ծայրահեղ միջոց:

ԵՄ-ն մտադիր է մինչեւ նոյեմբերի 1-ը գազապահեստարանները լցնեկ 80 տոկոսով, մինչդեռ ԵՄ որոշ երկրներում ավելի բարձր թիրախներ են սահմանվել։ Պաշարներն այժմ լցված են մոտ երկու երրորդով, եւ դրանց համալրման տեմպերը դանդաղում են:

Ձմռանը մատակարարման խափանումները կանխելու նպատակով Եվրահանձնաժողովը ԵՄ բոլոր երկրներին կամավոր թիրախ է առաջարկել՝ օգոստոսից մարտ ամիսներին 2016-2021 թթ նույն ժամանակահատվածի համեմատ նվազեցնել գազի սպառումը 15 տոկոսով: Հանձնաժողովի առաջարկը թույլ կտա Բրյուսելին պարտադիր դարձնել նպատակը մատակարարումների հետ կապված արտակարգ իրավիճակի դեպքում:

ԵՄ մի քանի հարավային երկրներ դեմ են արտահայտվել ծրագրին, որի իրականացման համար ճնշող աջակցություն է անհրաժեշտ: Պորտուգալիան հայտարարել է, որ դա կխոչընդոտի էլեկտրաէներգիայի արտադրությանը սաստիկ երաշտի ժամանակ: Իսպանիան եւ Հունաստանը եւս դեմ են արտահայտվել։

Uniper-ը, որը Գերմանիայի կառավարությունը փորձում է փրկել էներգետիկ ճգնաժամի պատճառով, հայտարարել է, որ Ռուսաստանը մատակարարել է պայմանագրով ֆիքսված գազի շուրջ 40 տոկոսը:

Ավստրիական OMV-ն հայտնել է, որ «Գազպրոմ»-ը հասկացրել է, որ հինգշաբթի կմատակարարի համաձայնեցված ծավալների մոտ կեսը:

Եվրոպական երկրները այլընտրանքային մատակարարումներ են փնտրում, թեեւ գազի համաշխարհային շուկան ծանրաբեռնված էր նույնիսկ մինչ ուկրաինական ճգնաժամը, իսկ վառելիքի պահանջարկը վերականգնվում էր համավարակի հետևանքով առաջացած անկումից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր