Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին շնորհավորական ուղերձ է հղել ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում։
«Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից է: Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկրների միջև առկա բարեկամությունը, ինչպես նաև բազմոլորտ սերտ համագործակցությունը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կամրապնդենք առկա փոխգործակցությունը՝ հարստացնելով երկկողմ օրակարգը և ընդլայնելով գործընկերային հարաբերությունները ռազմավարական երկխոսության շրջանակում»,– ասված է ուղերձում:
ՀՀ նախագահը շեշտել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունն ու ջանքերը՝ ուղղված ինչպես մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը, այնպես էլ ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին: