Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների աշխատանքային խումբը, որը զբաղվում է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերով, որոշ հարցերի շուրջ, մասնավորապես, սահմանային և մաքսային վերահսկողության հետ կապված, հասել է դիրքորոշումների մոտեցման։ Այս մասին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում։
«Հարավային Կովկասի ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ հանձնաժողովի գործունեությունը կառուցողական եմ համարում։ Սա, անխոս, դժվար աշխատանք է, բայց պետք է նշեմ, որ կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները մաքսային և սահմանային վերահսկողության հետ կապված բազմաթիվ հարցերում, ինչպես նաև տրանսպորտային միջոցների, բեռների՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով անցկացնելու հարցերում», - ասել է նա։
Ինչպես նշել է Գրիգորյանը, «այս պահին փորձագիտական ենթախմբերը շարունակում են քննարկել հարցեր, որոնք կապված են ավտոմոբիլային և երկաթուղային ենթակառուցվածքների վերականգման և հետագա շահագործման հետ»։
Նկատենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Ադրբեջանը շարունակում է խոչընդոտներ ստեղծել եռակողմ հանձնաժողովի աշխատանքներում, մասնավորապես, հրաժարվել է ստորագրել փաստաթուղթ երկաթուղու կառուցման աշխատանքները սկսելու մասին։