Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ իր երկիրը Հայաստանի նկատմամբ թշնամանք չի տածում, այդ իսկ պատճառով Անկարան սկսել է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց։ Այս մասին փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Թուրքիան ունեցե՞լ է Հայաստանի հետ հավերժ թշնամանք։ Ո՛չ, մենք սկսել ենք հարաբերությունների կարգավորման գործընթաց», - ասել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Թուրքիան նշանակել են հատուկ ներկայացուցիչներ՝ հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթաց սկսելու համար։ Հայկական կողմից հատուկ ներկայացուցիչն է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, թուրքականից՝ դիվանագետ Սերդար Քըլըչը։
Կողմերը հասցրել են երկու հանդիպում անցկացնել՝ Մոսկվայում և Վիեննայում։ Վերջին շրջանում պաշտոնական Երևանը ակնարկում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը տեղից չի շարժվում, քանի որ Թուրքիան այն պայմանավորում է Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած պրոցեսներով։