00:00:00

Կատարական մամուլն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այցին

21:55, 15 հունիս 2022 Արտաքին քաղաքականություն

Կատարական մամուլը լայնորեն լուսաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Դոհա կատարած 2-օրյա պաշտոնական այցը: Թեմային անդրադարձել են Կատարի պետական լրատվական «Qatar news agency» (QNA) գործակալությունը, անգլալեզու «Gulf-times» և «The peninsula Qatar» թերթերը, արաբերենով հրապարակվող «Al arab», «Al-watan», «Al-sharq» և  «Raya» լրատվամիջոցները։

Տեղեկատվական բնույթի հրապարակումներում մատնանշվել է, որ  Դոհայի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին և նրան ուղեկցող պատվիրակությանը  դիմավորել  են Կատարի արտաքին գործերի պետական նախարար Սուլթան բն Սաադ Ալ-Մուրեյխին, ՀՀ-ում Կատարի դեսպան Մուհամմադ բն Համադ Ալ-Հաջրին և Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը։ 

Կատարական լրատվամիջոցներն անդրադարձել են նաև Նիկոլ Փաշինյանի՝ Կատարի էմիր շեյխ Թամիմ բն Համադ Ալ-Թանիի և Կատարի վարչապետ ու ներքին գործերի նախարար շեյխ Խալիդ բն Խալիֆա բն Աբդուլազիզ Ալ-Թանիի հետ հանդիպումներին:

Նշվել է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել  են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարբեր ոլորտներում դրանք ամրապնդելու ուղիները։

 

Տեղեկատվական բնույթի անդրադարձներից բացի կատարական երկու «Al-watan» և «Al-sharq» օրաթերթերը տեսակետ բաժիններում հոդվածներ են հրապարակել համապատասխանաբար «Աճող հարաբերություններ» ու «Կատար և Հայաստան․․․ Գործընկերություն հանուն խաղաղության» վերնագրերով։

Հոդվածներում քննության է առնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Դոհա կատարած այցը և հանդիպումները, ստորագրված համաձայնագրերը և հուշագրերը։

«Հայ-կատարական հարաբերությունները ամուր և աճող են, որոնք հիմնված են հարգանքի, ընդհանուր շահերի և ամուր ցանկության վրա՝ զարգացնելու երկկողմ համագործակցությունը, որի ապացույցն էին տարբեր ոլորտներին առնչվող և երեկ ստորագրված հուշագրերն ու համաձայնագրերը»,- գրել է «Al-watan»-ը։

Իսկ «Al-sharq»-ն ընդգծել է, որ  Կատարը ձգտում է ամուր միջազգային հարաբերություններ հաստատել և դիվերսիֆիկացնել իր գործընկերներին՝ ընդհանուր շահերի, խաղաղության հաստատման և կայուն զարգացման շրջանակներում:

 

regionmonitor.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր