ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020թ. մարտի 31-ին հարուցված, հետագայում ՀՀ ՀՔԾ վարույթում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչը իրեն տրված լիազորությունների շրջանակում 3 անձանց օգտին առերևույթ ակնհայտ ապօրինի գործողություն է կատարել:
Հիմնավորվել է նաև, որ կաշառք տալու միջոցով վարորդական վկայական ստանալու հարցում աջակցելու համար մի քաղաքացի 2020թ. մարտին դիմել է իր ազգական, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ Գավառի ավտոդպրոցի վարպետին, ով այդ նպատակով նրանից վերցրել է 250.000 ՀՀ դրամ: Այնուհետև՝ վերջինս հանդիպել է ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի վերոնշյալ ավագ տեսուչին, նրա հետ պայմանավորվել խոշոր չափերով՝ 200.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու վերաբերյալ և նրան փոխանցել գումարը:
Նշված հանցավոր արարքները կատարելու համար ՃՈ Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Սևանի անձնագրային բաժանմունքի պետին նշված գործով ևս առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով:
Գավառի ավտոդպրոցի վարպետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով, ևս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:
Նշված 4 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Դատական քննության արդյունքում 2022թ ապրիլի 19-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ, որով նշված 4 անձինք մեղավոր են ճանաչվել իրենց մեղսագրված արարքներում: Մասնավորապես, ՃՈ Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչի պարագայում, պատիժները մասնակի գումարելու սկզբունքով վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 5 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ 2 տարի ժամկետով։
Իսկ մյուս 3 ամբաստանյալների նկատմամբ, կրկին պատիժները մասնակի գումարելու սկզբունքով վերջնական պատիժ է նշանակվել տուգանքի ձևով:
Դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ միջոցներ կձեռնարկվեն օրենքի խախտմամբ տրամադրված վարորդական իրավունքի վկայականները և տեսական քննության արդյունքները անվավեր ճանաչելու: