Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացվել վերջերս ստեղծված Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշն ու նկարագիրը սահմանելու մասին նախագիծը։
Նախագծում նշվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշի տարրերն են` առյուծը, սուրը, Հայաստանի Հանրապետության դրոշը և գանձարկղը․«Առյուծն ունի կանգնած դիրք, մի ձեռքում դեպի վերև ուղղած և շարժման մեջ գտնվող սուրն է, իսկ մյուս ձեռքով պահպանում է գանձարկղը։ Առյուծի բերանը ունի բաց տեսք՝ լեզուն դեպի դուրս: Առյուծը ոսկեգույն է և խորհրդանշում է ուժ, քաջություն և հզորություն: Առյուծի ձեռքում գտնվող սուրը մոխրագույն է՝ ոսկեգույն դաստապանով և մուգ մոխրագույն բռնակով: Սուրը խորհրդանշում է կոռուպցիայի դեմ պայքարը: Գանձարկղը խորհրդանշում է այն արժեքները, որոնք ենթակա են պահպանության ու պաշտպանության:
Առյուծը պատկերված է վահանի կենտրոնում` եզրագծված կապույտով։ Ընդհանուր ետնապատկերը (ֆոնը) մուգ կապույտ է: Առյուծից վերև՝ աջ կողմում պատկերված է Հայաստանի Հանրապետության ծածանվող դրոշը։ Մուգ կապույտը խորհրդանշում է համառությունը, անկոտրունությունը, ուժն ու նվիրվածությունը կոռուպցիայի դեմ պայքարում: Դրոշից վերև գրված են «Հայաստանի հանրապետության հակակոռուպցիոն կոմիտե» բառերը։

Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշի նախագիծը ներկայացված է Արդարադատության նախարարության «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական» e-draft.am կայքում։ Մինչև ընթացիկ ամսվա 22-ը նախագիծը բաց է հանրային քննարկման համար։ Սակայն Irakanum.am-ը տեղեկացավ, որ որեւէ փոփոխություն իրականացնելու վերաբերյալ առաջարկություններ չեն հնչել։

Ավելին խորհրդանիշն այս ձեևն ունենալու առաջարկությունը եղել է Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառույցինը, իսկ Արդարադատության նախարարությունն ուղղակի ներկայացված տարբերակին տվել է նախագծի տեսք։