Փետրվարի 19-ին Irakanum.am-ը գրել էր, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դարձել է «Հայբիզնեսբանկի» խորհրդի անդամ։ Բանկի պաշտոնական կայքում ևս այդ մասին հիշատակված էր։ Բանկի խորհրդի նախագահը Ալֆրեդ Մոեկլին է, խորհրդի անդամները՝ հինգն են։
Նրանց թվում է նաև նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վերջնիս կենսագրական տվյալները գրված են բանկի պաշտոնական կայքում, համաձայն, որի Ավինյանը «Հայբիզնեսբանկի» խորհրդի անդամ է դարձել այս տարվա փետրվարի 11-ին։
Ուշագրավն այն է, որ բանկն այդ մասին որեւէ հիշատակում չի արել։ Պաշտոնական կայքի նորություններ բաժնում Ավինյանի՝ խորհրդի անդամ դառնալու հանգամանքը հիշատակված չէ։
Irakanum.am-ը գրավոր հարցմամբ «Հայբիզնեսբանկից» պարզել էր, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բանկի խորհրդի անդամ է դարձել բանկի սեփականատերերից՝ «Բնակարան երիտասարդներին» վարկային կազմակերպության առաջարկությամբ։ Նշենք, որ կազմակերպությունը բավականին վերջերս է դարձել «Հայբիզնեսբանկի» սեփականատեր։ Նոր սեփականատեր է դարձել նաև շվեյցարական «ԷՄ ԷՖ ԷՄ Գլոբալ Ինվեստ» ՍՊԸ-ն, ձեռք բերելով ընկերության 75 տոկոս բաժնետոմսերը, իսկ մյուս 25 տոկոսը՝ «Բնակարան երիտասարդներին» վարկային կազմակերպությունը։
«Բնակարան երիտասարդներին» վարկային կազմակերպության խորհրդի նախագահը Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն է։ Նրան այդ պաշտոնում առաջարկել էր «Քաղաքացիական պայմանագիրը» և 2020 թվականին Գալստյանը ընտրվեց այդ պաշտոնում։
Մենք այս անգամ գրավոր հարցումն էինք ուղարկել «Բնակարան երիտասարդներին» վարկային կազմակերպություն, որտեղից էլ հարցումը վերահասցեագրել էին ԿԲ։ Ներկայացնում ենք գրավոր հարցումն ու ԿԲ-ից տրված պատասխանը։
Ի՞նչ գումարով է «Բնակարան երիտասարդներին» վարկային կազմակերպությունը ձեռք բերել «Հայբիզնեսբանկի» 25 տոկոսը։
Վերը նշված ներդրումային գործարքի մանրամասները հանդիսանում են սահմանափակ օգտագործման տեղեկություններ, այդ թվում՝ առևտրային գաղտնիք, որի բացահայտումն արգելված է և չի կարող դառնալ հանրային քննարկման առարկա։
Որտեղի՞ց են ներգրավվել այդ միջոցները։
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ բաժնետոմսերում «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ կողմից միջանկյալ ներդրումը կատարվել է ընկերության կուտակած շահույթի հաշվին և ներդրում կատարելու նպատակով ընկերությունը որեւէ գումար չի ներգրավվել երրորդ անձից։
Ի՞նչ նպատակով է ձեռք բերվել, հաշվի առնելով այդ կառույցի բացառապես ֆինանսավորվող լինելը։
Ընկերության ազատ միջոցների արդյունավետ տնօրինումը ամբողջությամբ համահունչ է ընկերության ներդրումային քաղաքականությամբ որդեգրված սկզբունքներին ու ներքին կանոնակարգերին և չի հակասում ՀՀ օրենսդրությամբ ամրագրված որեւէ պահանջի։ Գտնում ենք, որ այս ներդրումը և բանկի հեռանկարային զարգացման ծրագրերն ապահովելու են ընկերության ներդրման շահութաբերությունը, ինչի արդյունքում ստացված դրամական հոսքերը կուղղվեն հիպոտեկային և բնակարանաշինարական վարկավորմանը՝ նպաստելով ընկերության ստեղծման նպատակների իրագործմանը։
Ի՞նչու հենց Տիգրան Ավինյանին եք առաջարկել դառնալ բանկի խորհրդի անդամ։ Բացի նրա թեկնածությունից, այլ անձի թեկնածություն քննարկվե՞լ է։
Առևտրային բանկի խորհրդի անդամին ներկայացվող պահանջներն ու չափանիշները սահմանված են ՀՀ օրենսդրությամբ։ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ սեփականատերը, առաջնորդվելով ՀՀ օրենսդրության սահմանված պահանջներով, քննարկել են բանկի խորհրդի անդամների հնարավոր թեկնածուներին և կատարել իրենց ընտրությունը՝ կարևորելով նաև թեկնածուի կառավարման հմտություններն ու փորձը։ Հավելենք նաև, որ ՀՀ օրենսդրությամբ, բանկի ցանկացած խորհրդի անդամ, ՀՀ կենտրոնական բանկում անցնում է որոկավորում։ Ուստի առաջարկվող թեկնածուի մասնագիտական համապատասխանության քննարկվել է նաև ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Ինչպես արդեն նշել էինք ՀՀ ԿԲ նախագահը ՔՊ-ի կողմից նշանակված անձն է, հետևաբար Տիգրան Ավիանյանին «ոչ» ասելու համարձակություն Մարտին Գալստյանը չուներ։ Ուշագրավն այն է, որ բանկային ոլորտում Ավինյան Տիգրանն աշխատել է տասը տարի առաջ և եղել է ընդամենը վարկային բաժնի մասնագետ, բայց իհարկե սա չի խանգարել նրան, որպեսզի միանգամից անցում կատարի խորհրդի անդամի։
Առաջիկայում մենք մանրամասն կներկայացնենք «Հայբիզնեսբանկի» 75 տոկոսը ձեռք բերած ընկերության մասին բացառիկ մանրամասներ։ Ինչպես է ստացվել, որ ընդամենը երկու տարի առաջ Շվեցարիայում հիմնված ընկերությունը, որը Հայաստանում չունի որեւէ ներկայացուցչություն կարողանում է ձեռք բերել հայաստանյան բանկերից մեկի բաժնետոմսերի մեծ մասը։
Irakanum.am