Անթալիայում ընթացող կլիմայի փոփոխությանը նվիրված COP31 համաժողովի շրջանակում հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները, երկկողմ հարաբերությունները: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:
Երկու նախագահներն ընդգծել են Իրանի և Թուրքիայի միջև պատմական, մշակութային և քաղաքակրթական կապերի առանձնահատուկ նշանակությունը և պատրաստակամություն են հայտնել ընդլայնել հարաբերությունները՝ ելնելով փոխադարձ հարգանքից և ընդհանուր շահերից: Թեհրան-Անկարա հարաբերությունների զարգացման կարևոր ուղղությունների թվում ղեկավարներն առանձնացրել են առևտրաշրջանառության ընդլայնումը, տնտեսական համագործակցության դյուրացումը, մասնավոր հատվածների միջև փոխգործակցության ամրապնդումը և համագործակցության բազմազան հնարավորությունների օգտագործումը։
Երկու նախագահները մտքեր են փոխանակել տարածաշրջանային արդի զարգացումների և տարածաշրջանի երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու անհրաժեշտության շուրջ՝ խաղաղության, կայունության ու երկարաժամկետ անվտանգության պահպանման նպատակով։
Ըստ հրապարակման՝ Փեզեշքիանը և Էրդողանն ընդգծել են երկխոսության, կառուցողական փոխգործակցության և համատեղ ջանքերի կարևորությունը՝ լարվածության սրումը և տարածաշրջանում անապահովության տարածումը կանխելու համար։
Թուրքական լրատվամիջոցներն էլ գրում են, որ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը պետք է «անհապաղ ավարտվի»: Նա հորդորել է դիվանագիտությանը հնարավորություն տալ և առաջարկել է շարունակական աջակցություն խաղաղության ջանքերին:
Նոյեմբերի 11-ին COP31-ի առաջնորդների գագաթնաժողովում Փեզեշքիանը հայտարարել էր, որ Իրանը փոխհատուցում է պահանջում ամերիկա-իսրայելական հարվածների պատճառած բնապահպանական վնասի համար: