Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ, որի ընթացքում նա հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ բանակցություններն արագացնելու անհրաժեշտության մասին։
SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին կիրակի օրը հայտնել են Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմում։
«2015 թվականի միջուկային համաձայնագրի առնչությամբ Հանրապետության Նախագահը պնդել է արագ և շոշափելի առաջընթացի հասնելու համար բանակցությունների արագացման անհրաժեշտությունը: Նա ընդգծել է, որ Իրանը պետք է կառուցողական մոտեցում ցուցաբերի և վերադառնա իր պարտավորությունների լիակատար կատարման»,- ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ։
Մակրոնը նաև համոզմունք է հայտնել, որ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի դիվանագիտական լուծումը հնարավոր է և պարտադիր»։ Ֆրանսիայի ղեկավարը վստահեցրել է, որ Ֆրանսիան աշխատում է իր բոլոր գործընկերների հետ, որպեսզի բանակցային գործընթացի բոլոր կողմերն արտահայտեն հստակ և համապարփակ պարտավորություններ այս բանակցությունների շրջանակներում։
Նախագահներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ Լիբանանում և Պարսից ծոցում տիրող իրավիճակին։ Մակրոնն իրանցի գործընկերոջ հետ զրույցում դատապարտել է Արաբական Միացյալ Էմիրություններում Եմենի հութի ապստամբների կողմից իրականացված վերջին հարձակումները։ Երկու ղեկավարներն էլ համաձայնել են Եմենում հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու անհրաժեշտության շուրջ։