ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Կենտրոնական բանկին՝ ընդգծելով, որ ծրագրի շրջանակում վերջինիս հետ համագործակցությունը լավ հիմք կհանդիսանա՝ այն որպես օրինակ զարգացնել նաեւ այլ ուղղություններով, քանի որ ընտրված ձեւաչափը, ըստ Լեւոն Մկրտչյանի, շատ արդյունավետ է: Նախարարն անդրադարձել է նաեւ այն հարցին, թե փորձնական ծրագրի արդյունքը որքանով կարող է կիրառելի լինել համընդհանուր ներդրման պարագայում:
Լեւոն Մկրտչյանը խոսել է նաեւ Մանկավարժական համալսարանի կրթական ծրագրերում ֆինանսական կրթության բաղադրիչի ներդրման հնարավորության մասին: Նշենք, որ փորձնական ծրագրում ընդգրկված է 2-11 դասարանների շուրջ 1600 սովորող: Ծրագրի շրջանակում վերապատրաստվել է 13 դպրոցի 46 ուսուցիչ, հաստատվել են վերոնշյալ առարկաների փորձնական չափորոշիչները եւ ծրագրերը, ուսուցիչների վերապատրաստման մոդուլը: Շուտով պատրաստ կլինի նաեւ ուսուցիչների ձեռնարկը: Ծրագրի շրջանակում մեթոդական աջակցություն է ցուցաբերվել ուսուցիչներին, իրականացվել են դասերի դիտարկումներ, ձեւավորվել են ֆոկուս խմբեր: Փորձնական ծրագրի նպատակն է գնահատել սովորողների եւ ուսուցիչների շրջանում դրա ազդեցությունը, արձանագրել հաջողությունները եւ դժվարությունները, սահմանել առաջնահերթություններ՝ բովանդակային բոլոր նյութերի վերանայման փուլում: Ակնկալվում է, որ առաջիկայում կիրականացվի մշակված փաստաթղթերի վերանայում, դասընթացավարների վերապատրաստում (TOT), ուսուցիչների դասընթաց, ինչպես նաեւ մոնիթորինգ եւ գնահատում: 2018 թվականի սեպտեմբերից նախատեսվում է ծրագիրն իրականացնել եւս 350 դպրոցում: