00:00:00

ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից կմեկնարկի հինգշաբթի

19:37, 12 հունվար 2022 Աշխարհ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Ալմաթիում կայացած օպերատիվ շտաբի նիստում հայտարարել, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը նախատեսվում է սկսել հինգշաբթի: «Վաղը մեկնարկում է ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի կազմակերպված դուրսբերումը: Ես բանակցություններ եմ անցկացրել համապատասխան պետությունների ղեկավարների հետ: Օգտվելով հնարավորությունից՝ ցանկանում եմ երախտագիտություն հայտնել զորակազմի հրամանատարությանը այս մի քանի օրվա ընթացքում կատարած աշխատանքի համար»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է երկրի ղեկավարը: Ղազախստանում զանգվածային ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին. երկրի արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ են արտահայտվել հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմանը: Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում։ Ի պատասխան՝ իշխանությունները մինչև հունվարի 19-ը արտակարգ դրություն են հայտարարել ամբողջ երկրում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Ղազախստանում ցույցերի ընթացքում տուժել է մոտ 1000 մարդ։ Հանրապետության ՆԳՆ տվյալներով՝ Ղազախստանի անվտանգության 17 աշխատակից է զոհվել, ավելի քան 1300-ը՝ վիրավորվել։ Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը լուծարել է կառավարությունը և դարձել Անվտանգության խորհրդի ղեկավար։ Իր գլխավորությամբ Անվտանգության խորհրդի առաջին նիստում Տոկաևը Ղազախստանում ստեղծված իրավիճակը որակել է որպես պետության ամբողջականությունը խաթարող և նշել, որ ՀԱՊԿ-ից օգնություն է խնդրել «ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու համար»։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ երկրում իրավիճակը կարգավորելու համար։ Հունվարի 7-ին Տոկաևը հայտարարել է, որ ահաբեկիչները, այդ թվում՝ արտասահմանից ժամանածները, շարունակում են դիմադրել, և խոստացել է ոչնչացնել նրանց, ովքեր վայր չեն դրել զենքերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր