00:00:00

Հուշարձանները ոչնչացնող Ադրբեջանը փորձում է անհիմն մեղադրանքներով քողարկել իր կողմից իրականացված վանդալիզմի դեպքերը

15:29, 23 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Ի հեճուկս ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, Ադրբեջանի պաշտոնյաները շարունակում են թիրախավորված ռասայական ատելության տարածումը և որևէ քայլ չեն ձեռնարկում դադարեցնելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։ Այս մասին նշված է Հունաստանում ՀՀ դեսպանության տարածած հայտարարության մեջ։ «Արցախը մշտապես հպարտացել է իր տարածքում գտնվող կրոնական և մշակութային հուշարձաններով` համարելով դրանք իր պատմամշակութային ժառանգության մասը: Արցախցիները հոգատար են նաև ռուսական կրոնական և մշակութային ժառանգության` հուշարձանների պահպանման գործում: Հատկանշական է, որ Արցախի Հանրապետության պետական բյուջեով յուրաքանչուր տարի պատմամշակութային հուշարձանների պահպանման և վերականգնման նպատակով նախատեսված են ծախսեր, քանի որ պատմամշակութային հուշարձանների պահպանության, ուսումնասիրման ու օգտագործման բնագավառը Արցախի Հանրապետության պատմության և մշակույթի կարևորագույն և առանձնահատուկ ոլորտներից է: Ռուսական Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Գևորգավան տեղամասում: Եկեղեցին կառուցվել է ավելի քան 100 տարի առաջ’ Ռուսաստանից ներգաղթյալների կողմից: Այն կրաքարից է, արտաքուստ դեղնավուն:  Ունի երկու մուտք, որոնք բացվում են արևմտյան և հյուսիսային կողմերից: Պատուհանների թիվը երկու տասնյակից ավելի է: Եկեղեցու ծխականները եղել են ռուս վերաբնակիչները: 1989 թվականին մեկնարկեցին եկեղեցու վերականգնողական աշխատանքները, որոնք ընդհատվեցին՝ պայմանավորված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայով, որի ժամանակ եկեղեցին կրկին կրել է մեծ վնասներ։ Մինչև 2020 թվականի պատերազմի մեկնարկն Արցախի Հանրապետության  կառավարությունը մշակում էր եկեղեցու վերականգնման նախագիծ և հովանավոր էր փնտրում՝ վերականգնողական աշխատանքները սկսելու համար։ Այսպիսով, ոմն Անաստասիա Լավրինայի  ու Հունաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից  հունարեն թարգմանությամբ` Արցախի Հանրապետության տարածքում գտնվող ռուսական ուղղափառ կրոնական ժառանգության նկատմամբ հայկական կողմի իբր «ոտնձգությունների» մասին տարածվող քարոզչական նյութը հանդիսանում է հերթական սադրիչ, անհիմն և կեղծ ապատեղեկատվությունը․ այն նպատակ ունի  հայերի նկատմամբ ատելություն տարածելով փորձել  խարխլել և սեպ խրել Հայաստանի ու իր բարեկամների միջև հարաբերություններում: Մշակութային հուշարձանները դիտավորյալ ոչնչացնող երկիրը փորձում է անհիմն մեղադրանքներով քողարկել իր իսկ կողմից իրականացված բազմաթիվ վանդալիզմի դեպքերը։ Այս կապակցությամբ հարկ է նշել, որ դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ հրապարակեց որոշումներ: Ի թիվս այլ միջոցների, դատարանը ՊԱՐՏԱՎՈՐԵՑՐԵԼ է Ադրբեջանին նախ՝ «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից»։ Մյուս կողմից՝ դատարանը պարտավորեցնում է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»»,- նշված է դեսպանության հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր