Երևանի քաղաքապետարանում ավարտվել է քաղաքապետի ընտրության փակ քվեարկությունը։ Երևանի նոր քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է։
57 քվեաթերթիկից անվավեր է ճանաչվել երեքը։ Քաղաքապետարանում Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 44, դեմ՝ 10 ավագանու անդամ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնություն է սկսել և քաղաքապետի պաշտոնում առաջադրել քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:
Հրաչյա Սարգսյանը 2001-2005թթ. սովորել է ՀՊՃՀ-ում, ստացել ճարտարագիտության բակալավրի աստիճան՝ հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում մասնագիտությամբ:
2007-2009թթ. սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում, ստացել մագիստրոսի աստիճան՝ կառավարում (հանրային ֆինանսների կառավարում) մասնագիտությամբ: Հանդիսանում է «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի հիմնադիր-անդամ: 2005-2009թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում և ԼՂՀ ՊԲ-ում՝ տանկային դասակի հրամանատար, զորացրվելուց հետո ստացել է լեյտենանտի զինվորական կոչում:
2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ: 2018թ. հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։